ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Արայիկ Հարությունյանը ստանձնեց Արցախի նախագահի պաշտոնը

Արայիկ Հարությունյանը ստանձնեց Արցախի նախագահի պաշտոնը

Քիչ առաջ Արայիկ Հարությունյանը ստանձնեց Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնը՝ երդվելով՝ ձեռքը դրած 17-րդ դարի Ավետարանի և Արցախի Սահմանադրության վրա:

Արցախի չորրորդ նախագահը երդվեց անվերապահորեն կատարել Սահմանադրության պահանջները, հարգել մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատությունները, պահպանել հանրապետության ինքնիշխանությունը, անկախությունը, տարածքային ամբողջականությունը և անվտանգությունը՝ ի փառս Արցախի Հանրապետության և ի բարօրություն Արցախի ժողովրդի: 

Արցախում կայացած համապետական ընտրությունների արդյունքներով ձևավորված նոր՝ 7-րդ գումարման Ազգային ժողովն այսօր, ստանձնելով իր լիազորությունները, Շուշիում՝  մշակույթի և երիտասարդության կենտրոնի դահլիճում, հատուկ նիստ է հրավիրել Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնի ստանձնման առթիվ: 

Արցախի Հանրապետության չորրորդ նախագահի երդմնակալության արարողությանը ներկա են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը:

 

  • Կիսվել: