երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Արայիկ Հարությունյանը ներկայացրել է Արցախի նոր պետական նախարարին

Արայիկ Հարությունյանը ներկայացրել է Արցախի նոր պետական նախարարին

Նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 2-ին այցելել է Արցախի Հանրապետության պետնախարարի աշխատակազմ և կառավարության անդամներին ու պետնախարարի աշխատակազմի աշխատակիցներին ներկայացրել նորանշանակ պետական նախարար Արտակ Բեգլարյանին:

Իր խոսքում երկրի ղեկավարը շնորհակալություն է հայտնել Գրիգորի Մարտիրոսյանին, ով աշխատանքից ազատվելուց հետո շարունակելու է իր գործունեությունն Արցախում՝ ֆինանսատնտեսական ոլորտում: 

Արայիկ Հարությունյանը կարևորել է հատկապես պատերազմական և հետպատերազմյան ճգնաժամային կառավաման գործում Գրիգորի Մարտիրոսյանի դերը՝ համոզմունք հայտնելով, որ նա այսուհետ ևս կաջակցի վերականգնման ու սոցիալական աշխատանքներին զուգահեռ նախատեսվող տնտեսական և զարգացման ծրագրերի իրականացմանը:

Ներկայացնելով նոր պետական նախարարին՝  Արայիկ Հարությունյանը նշել է, որ նա համակարգելու է աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի, առողջապահության, արդարադատության, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարների գործունեությունը, ինչպես նաև Սահմանադրությամբ նախատեսված օրենսդրական բարեփոխումների ընթացքը:

• Ա. Բեգլարյանը, 1995թ. Ստեփանակերտում ականի պայթյունից կորցնելով տեսողությունը, ընդունվել և 2006թ. գերազանցությամբ ավարտել է Երևանի տեսողության խանգարումներ ունեցող երեխաների №14 հատուկ դպրոցը:
 
• 2006-2010թթ. կրկին գերազանցությամբ ուսանել է Երևանի պետական համալսարանի քաղաքագիտության բաժնի բակալավրիատում, այնուհետև՝ կոնֆլիկտաբանության բաժնի մագիստրատուրայում:
 
• 2010-2011թթ. Եվրոպական Միության «Էրասմուս Մունդուս» ուսանողական փոխանակման ծրագրով սովորել է բիզնեսի կառավարում Հունաստանի Սալոնիկի քաղաքի Ալեքսանդրի տեխնոլոգիական կրթական ինստիտուտում:
 
• 2011-2012թթ. Ուսանել է Լոնդոնի համալսարանական քոլեջի մագիստրատուրայում՝ Քաղաքականություն, անվտանգություն և ինտեգրացիա մասնագիտացմամբ. ի դեպ, այդ համալսարանը աշխարհի լավագույն 10 համալսարաններից մեկն է (այդ տարիներին՝ չորրորդն իր վարկանիշով):
 
• 2013թ. «Թավիթյան» կրթաթոշակով ուսանել է Հանրային կառավարում և վարչարարություն ԱՄՆ Թաֆթս համալսարանի Ֆլեթչերի իրավունքի և դիվանագիտության դպրոցում, որը համարվում է դիվանագիտական կրթության ոլորտում աշխարհի լավագույն համալսարաններից մեկը:
 
• Այնուհետև ուսանել է նաև ՀՀ պաշտպանության նախարարությանը կից՝ Դրաստամատ Կանայանի անվան ազգային ռազմավարական հետազոտության ինստիտուտի ասպիրանտուրայում՝ քաղաքագիտություն մասնագիտացմամբ, սակայն պետական ու հասարակական գործունեության ծանրաբեռնվածությամբ պայմանավորված առ այսօր դեռ չի հասցրել պաշտպանել թեկնածուական ատենախոսությունը:
 
• Տարբեր տարիների մասնակցել է տարբեր համալսարանների կրթական ու գիտական ծրագրերի, ներառյալ՝ Չեխիայի Չարլզ համալսարանում, Շվեյցարիայի Ֆրիբուրգի համալսարանում և այլն:
• Գիտական չորս և վերլուծական տասնյակ հոդվածների հեղինակ է:
 
Ինչ վերաբերում է Արտակ Բեգլարյանի աշխատանքային գործունեությանը, ապա կառանձնացնեի հետևյալ փորձը՝
 
• 2012-2013թթ. Եղել է ԱՀ վարչապետի օգնականը:
 
• 2013 -2017թթ. Աշխատել է որպես ԱՀ վարչապետի մամուլի քարտուղար, այնուհետև՝ մի քանի ամիս՝ պետական նախարարի խորհրդական:
 
• 2013-2017թթ. Դասավանդել է Արցախի պետական համալսարանում՝ քաղաքագիտությանն առնչվող մի շարք առարկաներ:
 
• 2018թ. նշանակվել է ԱՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի դեպարտամենտի ղեկավար և պաշտոնավարել ինը ամիս:
 
• 2018թ. հոկտեմբերին ԱՀ Ազգային ժողովի կողմից ընտրվելով մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում՝ բավականին մեծ ջանքեր է ներդրել Արցախում մարդու իրավունքների պաշտպանության գործում՝ նպաստելով մի շարք բարեփոխումների իրականացմանը տարբեր ոլորտներում: Կուզեի հատուկ ընդգծել նրա հսկայական ու անձնվեր աշխատանքը հատկապես 2020թ. պատերազմի ընթացքում, ինչի շնորհիվ մի շարք որակյալ զեկույցներ են պատրաստվել և միջազգային հանրությունը պարբերաբար իրազեկվում էր Արցախում տեղի ունեցող վայրագությունների մասին:
 
• 2020թ. դեկտեմբերին ընդունել է իմ առաջարկը և նշանակվել ԱՀ նախագահի աշխատակազմի ղեկավար, որտեղ իրեն դրսևորել է փայլուն՝ որպես սկզբունքային, լայնախոհ ու նվիրյալ պետական գործիչ:
 
Արտակ Բեգլարյանը տարիներ շարունակ մեծ ակտիվություն է ցուցաբերել նաև հասարակական դաշտում՝ հիմնադրելով ու ղեկավարելով մի շարք կազմակերպություններ ու նախաձեռնություններ: Կարծում եմ՝ մարդկային արժանիքների ու անցած օրինակելի ճանապարհի մասին ավելորդ է մանրամասներ ներկայացնել:

  • Կիսվել: