շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Արայիկ Հարությունյանը նեղացել է իր ընկեր Հրանտ Բագրատյանից

Արայիկ Հարությունյանը նեղացել է իր ընկեր Հրանտ Բագրատյանից

Արցախի նախկին վարչապետ «Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանը նեղացել է իր ընկեր ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանից։ Իր ֆեյսբուքյան գրառման մեջ Հարությունյանը բացատրել է պատճառները։ Նա մասնավորապես գրել է.

« Զարմացած եմ Հրանտ...

Սիրելի՛ Հրանտ Բագրատյան,

Երեկ քո ֆեյսբուքյան էջում դիտեցի Անժելա Թովմասյանի «Հայելու առաջ» հաղորդման տեսագրությունը: Շատ վիրավորված եմ քեզանից, որ հաղորդման հեղինակի՝ իմ հասցեին արված արտահայտությունը, թե իբր ես քծնում եմ ՀՀ իշխանություններին, չսաստվեց քո կողմից: Անկեղծ լինեմ՝ սպասում էի դրան... Եթե քծնող լինեի, սիրելի՛ ընկեր, շատ-շատերի նման հեռու կմնայի քեզանից դեռ 2008թ.-ին՝ մարտի 1-ին անմիջապես հետևած ժամանակաշրջանում, երբ ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը, փոխանակ իրական մեղավորներին փնտրեր, անամոթաբար քո ամեն մի քայլին էր հետևում: Իսկ մենք, մտերիմ ընկերներ լինելով, այդ օրերին շարունակում էինք հաճախակի հանդիպել ինչպես Երևանի սրճարաններում, այնպես էլ Ստեփանակերտում՝ իմ օջախում:

Եթե մորթապաշտություն ունենայի կամ իշխանության մոլուցքով տառապեի, նորանշանակ վարչապետ լինելով, արդյո՞ք կգնայի նման ռիսկի, մտածելով, որ մեր յուրաքանչյուր հանդիպումից հետո, հնարավոր է՝ ավարտվեր բարձրաստիճան պաշտոնյայի գործունեությունս, ո՞վ գիտի, գուցե և քաղաքական կարիերաս... Անցած ավելի քան մեկ տասնամյակում դու շարունակաբար հանդես ես եկել ծայրահեղ ընդիմադիրի դիրքերից՝ սուր քննադատության ենթարկելով ՀՀ բոլոր կառավարությունների ղեկավարներին, որոնց հետ ունեցել եմ ջերմ գործընկերային հարաբերություններ:

Այսօր էլ նույնն ես անում: Դրանից երբևէ տուժե՞լ է մեր մտերմությունը: Ի՞նչ ես կարծում, քծնող մարդը կարո՞ղ է լավ ընկեր լինել: Ես համոզված եմ, որ չի կարող, և գիտեմ, որ դու էլ ես այդ արժեհամակարգի կրողը: Եվ հենց դրա համար էլ բարեկամակաբար խորհուրդ կտայի հնարավորինս խուսափել այնպիսի հրապարակային հանդիպումներից, որտեղ մտավորականի կերպարդ փորձում են ստորաբար ծառայեցնել ինչ-որ շահերի… Ինչ վերաբերում է այն հանգամանքին, որ իմ ղեկավարած քաղաքական ուժը Հայաստանում տեղի ունեցած թավշյա, ոչ բռնի հեղափոխության առաջին օրերից մինչև հիմա սատարել և սատարում է ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանին, կասեմ հետևայլը. այդ մասին հրապարակավ խոսելու ժամն էլ կգա:

Գիտեմ, որ կգտնվեն մարդիկ՝ այլ ուժերի հովանավորությունից օգտվածները, ովքեր, գուցե, չցանկանան ըմբռնել խոսքս, բայց նրանք, որոնց համար Հայրենիքը վեր է ճղճիմ շահարկումներից, հաշվի կնստեն ճշմարտության՝ գերագույն սկզբունքի հետ: Հ.Գ. Անժելա Թովմասյանի մասին: Թող ների ինձ լրագրողական համայնքը, բայց եթե այդ կոչումը կրող մեկը ինչ-որ շրջանակների հաճոյանալու համար ի լուր աշխարհի անձի արժանապատվությունն է վիրավորում, իր գործունեությամբ անպատվում է այդ մասնագիտությունը և լրագրող կոչվելու իրավունք չունի»։

  • Կիսվել: