ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
«Արահետ դեպի ապագան». Աշանում զարգացման ծրագիր է իրականացվում

«Արահետ դեպի ապագան». Աշանում զարգացման ծրագիր է իրականացվում

ԱՀ Հադրութի շրջանի Մարիամաձոր գյուղի բնակիչ Արման Ղազարյանը 44-օրյա պատերազմի պատճառով կորցրել է բնակավայրը և այսօր «Դասավանդի՛ր, Հայաստան» ծրագրի շրջանակներում ԱՀ Մարտունու շրջանի Աշան համայնքի Անիտա Հովսեփյանի անվան միջնակարգ դպրոցում «Հայոց եկեղեցու պատմություն» է դասավանդում: Մատաղ սերնդին կրթելուց բացի , նա, աշակերտների հետ մեկտեղ, նույն ծրագրի շրջանակներում համայնքի զարգացմանն ուղղված նախագծեր է մշակում:

«Արցախպրես»-ի թղթակիցը զրուցել է Արման Ղազարյանի հետ և ծանոթացել նախագծված ծրագրի մանրամասներին:
Բնութագրությունը հասանալի չէ
 
«Պատերազմից հետո ստիպված տեղափոխվեցինք Երևան, սակայն Արցախում ապրելու, աշխատելու և մեր չափով հայրենիքը շենացնելու ցանկությունը երբևէ չէր անհետացել, հակառակը, վերարժևորվել է։
 
Այսօր Արցախը, ավելի քան երբևէ, ունի երիտասարդների կարիք, որոնց գաղափարները լի են նորարարություններով, և իրենց սերն առ հայրենիք ապացուցում են գործերով: Ավարտելով Արցախի Մայր բուհը` որոշեցի իմ մասնակցությունն ունենալ կրթական համակարգում առկա բացերը լրացնելու գործում, և դիմեցի «Դասավանդի՛ր Հայաստան» ծրագրին։ Այդպես ավարտեցի ակադեմիան ու գործուղվեցի աշխարհի լավագույն գյուղերից մեկը՝ Աշան։
Այս տարվա սեպտեմբերից աշխատում եմ Աշանի միջնակարգ դպրոցում, դրա հետ մեկտեղ դասավանդում եմ նաև «Երկարօրյա դպրոցում»,-պատմել է Ա. Ղազարյանը:
 
Մեր զրուցակիցը տեղեկացրեց, որ դպրոցի աշակերտների հետ մեկտեղ մշակել են նախագիծ, որը «Դասավանդի՛ր Հայաստան»-ի հերթական քայլերից մեկն է. այն միտված է համայնքների զարգացմանն ու համայնքային կյանքի աշխուժացմանը։
 
«Մեր նախագծի նպատակը մեր գյուղը զբոսաշրջային կենտրոնի վերածելն է. սա այս մեծ նպատակի իրագործմանն ուղղված մեր առաջին քայլն է։ Մենք բացելու ենք արահետ, որը կապելու է մեր գյուղի ներկայիս ու նախկին տեղակայման վայրերը։ Արահետը կահավորված է լինելու ուղեցույցներով, պաստառներով և գծանշաններով։
 
Այս ծրագրի միջոցով փորձում ենք համայնքում զարգացնել քայլարշավային տուրիզմը։ Առաջին արշավը նախատեսում ենք իրականացնել գալիք տարվա մայիս ամսվա առաջին կեսին։ Նախագիծը աշակերտներիս խորհրդով անվանեցինք «Արահետ դեպի ապագան»։
 
Մենք հստակ նշում ենք այն ցանկալի փոփոխությունները, որոնք անհրաժեշտ են մեր համայնքին, և ինքներս ենք կերտում մեր ցանկալի ապագան»,-ներկայացրել է Ա.Ղազարյանը և հավելել, որ նմանատիպ նախագծեր իրականացվում են այն բոլոր համայնքներում, որտեղ աշխատում են «Դասավանդի՛ր Հայաստան»-ից գործուղված ուսուցիչ-առաջնորդներ։ Նրա հավաստմամբ՝ նախագիծը կյանքի կոչելու առաջին քայլերն արդեն իսկ արված են, սակայն անհրաժեշտ է նաև հանրության ուշադրությունը և աջակցությունը:
 
«Անհրաժեշտ է հնարավորության դեպքում աջակցություն ցուցաբերել, քանի որ այս ու նման նախագծերը վերակենդանացնում են Արցախը, ոգևորում աշակերտներին ու համագյուղացիներին»,- ընդգծել է Ա. Ղազարյանը:
 

  • Կիսվել: