ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Առ այսօր ադրբեջանական կողմի հետ դիերի փոխանակման արդյունքում հաստատվել է ընդհանուր 1709 աճյուն

Առ այսօր ադրբեջանական կողմի հետ դիերի փոխանակման արդյունքում հաստատվել է ընդհանուր 1709 աճյուն

2022 թվականի հունվարի 24-ից 30-ն ընկած ժամանակահատվածում Արցախի ներքին գործերի նախարարության ԱԻ պետական ծառայության 911 ահազանգման կենտրոնում գրանցվել է 683 զանգ:

ԱԻՊԾ-ից հայտնում են, որ հրշեջ փրկարարները շաբաթվա ընթացքում կատարել են 7 ելք, որից 3-ը տրանսպորտային միջոցներում, 3-ը աղբանոցներում և 1-ը էլեկտրալարերի կարճ միացման պատճառով: Արձանագրված հրդեհները ժամանակին մարվել են: Տուժածներ չկան:

Նշված ժամանակահատվածում շարունակվել են ռազմական գործողությունների ընթացքում զոհված և անհետ կորած համարվող զինծառայողների, ինչպես նաև քաղաքացիական անձանց աճյունների (մասունքների) որոնոնումները:

Փրկարարական ջոկատները շաբաթվա ընթացքում կատարել են 4 ելք:

Արցախի օկուպացված հարավային թևում իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում՝ Ջրականի (Ջաբրայիլ) և Վարանդայի (Ֆիզուլի) ուղղությունից, հայտնաբերվել և տարհանվել է երկու աճյուն:

Որոտանում հայտնաբերված ևս մեկ հայ զինծառայողի աճյուն, Շուշիում ԱԻ պետական ծառայությանն է փոխանցել Ադրբեջանական կողմը:

Հիշեցնենք, որ 2020 թվականի նոյեմբերի 13-ից առ այսօր որոնողական աշխատանքների և ադրբեջանական կողմի հետ դիերի փոխանակման արդյունքում հաստատվել է ընդհանուր 1709 աճյուն:

Տարբեր տեսակի ու տրամաչափի ռազմամթերքի հայտնաբերման և դրանց ոչնչացման ուղղությամբ սակրավորական խմբերը գործընկեր կառույցների հետ մեկտեղ ամենօրյա ռեժիմով հանրապետության բոլոր շրջաններում իրականացրել են հետախուզական և կանխարգելիչ աշխատանքներ:

Ընդհանուր առմամբ այս շաբաթ Մարտակերտի և Մարտունու շրջաններից հայտնաբերվել և վնասազերծվել է գնդիկաբեկորային 1 ավիառումբ, 2 հրթիռ և 1 արկ:

Նշված ժամանակահատվածում գրանցվել է տեխնածին բնույթի 25, սոցիալ-կենցաղային բնույթի՝ 12 կանչ: Փրկարարները կատարել են դռան 2 բացում, առողջական խնդիր ունեցող 1 քաղաքացու տեղափոխում: Բնակչությանը ջուր մատակարարելու նպատակով՝ կատարվել է 1 ելք։ Շաբաթվա ընթացքում փրկարարներն արձագանքնել են այլ բնույթի ևս 8 կանչերի:

ՆԳՆ ԱԻ պետական ծառայությունը շարունակում է շուրջօրյա ուժեղացված ծառայությունը ԱՀ ամբողջ տարածքում: Ցանկացած իրավիճակում հիշեք՝ 911, 101, 112 օգնության ու փրկության հեռախոսահամարները:

  • Կիսվել: