հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Ապրիլի 18-ին Արցախից դեպի Երևան՝ Եռաբլուր անվճար տրանսպորտ կգործի

Ապրիլի 18-ին Արցախից դեպի Երևան՝ Եռաբլուր անվճար տրանսպորտ կգործի

Ապրիլի 18-ին «Արցախյան երրորդ պատերազմում զոհված և անհայտ կորած զինծառայողների հարազատների միություն» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ զոհվածների հարազատների համար կգործի անվճար տրանսպորտ դեպի Եռաբլուր զինվորական պանթեոն:

 Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է «Արցախյան երրորդ պատերազմում զոհված և անհայտ կորած զինծառայողների հարազատների միություն» ՀԿ նախագահ Արմեն Ասրյանը:

«Ապրիլի 18-ին՝ առավոտյան ժամը 06:00-ին, ավտոբուսները Ստեփանակերտից կշարժվեն դեպի Եռաբլուր: Արդեն իսկ հիսունից ավելի անձ դիմել է։ Նրանց կուղեկցեն մեր միության ներկայացուցիչները: Այս նախաձեռնությամբ մենք փորձում ենք ցույց տալ այդ ընտանիքներին, որ նրանք բոլորի ուշադրության կենտրոնում են: Պետք է նշեմ, որ այս առումով դիմել ենք Կառավարությանը, նրանք մեզ աջակցում են, և երբևէ որևէ բարդություն չի առաջացել, ընդհակառակը, միշտ մեծ պատրաստակամությամբ են ընդունում նմանատիպ նախաձեռնությունները։ Իսկ բոլոր տեսակի կազմակերպչական աշխատանքները իրականացվում են միության աշխատակիցների կողմից»,-նշել է Ա. Ասրյանը:

260269143_170567568559487_4757624337009337532_n.jpg (1.52 MB)

Անդրադառնալով կազմակերպության ծավալած գործունեությանը՝ մեր զրուցակիցն ասել է, որ մեկ տարի է՝ կազմակերպությունը լիարժեք գործունեություն է իրականացնում: «Մեր առաջին քայլը անհայտ կորածների և զոհվածների ցուցակների ճշտումն էր: Հետպատերազմյան ծանր ժամանակաշրջանում մեր պետական կառավարման մարմինները կաթվածահար վիճակում էին գտնվում, և մենք այդ աշխատանքը մեզ վրա վերցրեցինք. աշխատելով համայնքների ղեկավարների հետ, անհայտ կորածների ընտանիքներ այցելելով՝ լիարժեք ճշտեցինք այդ ցուցակները: Ներկա դրությամբ ունենք 35 անհայտ կորած զինծառայող, 21 քաղաքացիական անձ: Ինչպես նաև արդեն հավաքագրել ենք մեր զոհվածների լուսանկարները և տեղադրել Ազատամարտիկների պուրակում։ Ունենք ինը հուշատախտակ՝ 1260 լուսանկարով: Ունենք հավաքագրած լուսանկարներ, և մտածում ենք առաջիկայում տասներորդ հուշատախտակի տեղադրման մասին»,-ներկայացրել է մեր զրուցակիցը: Հասարակական կազմակերպության անդամները այցելություններ են իրականացրել նաև զոհվածների, անհայտ կորածների ընտանիքներ, հարցաշար են մշակել, և ըստ այդ հարցաշարի` պարզաբանել են ընտանիքների սոցիալ-կենցաղային վիճակը` հասցեական աջակցություն ցուցաբերելով։ «Մասնակցել ենք միջազգային տարբեր կոնֆերանսների, և մեր ձայնը լսելի ենք դարձրել ամբողջ աշխարհին։ Ես այդ ամենը կարևոր եմ համարում` միջազգային հարթակներում անհայտ կորածների հարցը մշտապես արդիական ու բարձրացված պահելու առումով: «Արցախի պահեստազորի սպաների միություն» ՀԿ-ի հետ համատեղ կազմակերպել ենք հուշ-ցերեկույթներ Ստեփանակերտում, Ասկերանում, Մարտակերտում, առաջիկայում կկազմակերպենք նաև Մարտունիում։ Ի դեպ՝ մեր զոհված հերոսների մեծ մասը հենց Մարտունու շրջանից են»,-նշել է Ա. Ասրյանը:

Խոսելով առաջիկայում նախատեսվող ծրագրերի մասին՝ միության նախագահը տեղեկացրել է, որ նախատեսում են անգլերեն լեզվի անվճար դասընթաց կազմակերպել զոհված զինծառայողների հարազատների համար, ինչպես նաև նրանք աջակից են լինում այդ ընտանիքներին ցանկացած հարցում, հատկապես՝ բնակարանային ապահովման խնդրի լուծման գործում, միությունը սերտ համագործակցում է Բնակարանային հարցերի կոմիտեի հետ:

  • Կիսվել: