ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
«Ապրելու ձայնը» նախագծի շրջանակներում Նորշենում գրական-երաժշտական միջոցառում է կազմակերպվել

«Ապրելու ձայնը» նախագծի շրջանակներում Նորշենում գրական-երաժշտական միջոցառում է կազմակերպվել

Նախօրեին՝ Համազգային հայ կրթական և մշակութային միության Արցախի գրասենյակի նախաձեռնությամբ Արցախում կազմակերպված «Ապրելու ձայնը» գրական-մշակութային օրերի մասնակիցները հյուրընկալվեցին Մարտունու շրջանի սահմանամերձ Նորշեն համայնքում:

«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Համազգային հայ կրթական և մշակութային միության տնօրեն Հերմինե Ավագյանը, կարևորելով գրական-մշակութային կյանքի աշխուժացումը նաև հանրապետության շրջաններում, տեղեկացրել է, որ ծրագրով նախատեսված միջոցառումներ են կազմակերպվում ոչ միայն մայրաքաղաքում, այլ նաև շրջաններում:
 
«Գրական մրցույթներ, հանդիպումներ, ցուցահանդեսներ, քննարկումներ, համերգներ. բազմաբովանդակ օրեր ենք ունենալու: Միջոցառումները բաց են բոլոր ցանկացողների համար»,- ասել է Հ. Ավագյանը:
 
Հյուրերն այցելեցին Նորշենի Լեոնիդ Հուրունցի անվան միջնակարգ դպրոց, որտեղ աշակերտները կազմակերպել էին գրական-երաժշտական միջոցառում: Գրականագետ, Երևանի «Արմավ» հրատարակչության գլխավոր խմբագիր Արմեն Ավանեսյանը միջոցառման ավարտին դպրոցին նվիրեց գրքեր՝ մեծամասամբ արցախցի գրողների հեղինակածներից։
 

«Համազգային հայ կրթական և մշակութային միության նախաձեռնությամբ կազմակերպված «Ապրելու ձայնը» խորագիրը նշանակում է, որ մեր ձայնը պետք է հասանելի լինի առանց խոսափողի: Ես մեր հզոր սերնդին եմ դիմում ասելով, որ եթե ուզում են մեր ձայնը լսելի դարձնել, ապա այն առաջին հերթին պետք է բովանդակալից լինի: Դպրոցից է սկսվում մեր հզորությունը: Մեր ապագան կրթված երեխաների ձեռքերում է: Ես հասկանում եմ, որ դժվար է սահմանին ապրել, բայց այստեղ ես տեսնում եմ հզոր աչքեր, որոնց շնորհիվ սկսում եմ հավատալ պայծառ գալիքին»,- նշել է Ա. Ավանեսյանը:

Նորշենի դպրոցի աշակերտուհի Մանե Հարությունյանը մեծ ոգևորությամբ ու հիացմունքով է դիմավորել փառատոնի մասնակիցներին:

«Այսօր ուրախալի օր է , քանի որ մեր հյուրերը կտրել են տասնյակ կիլոմետրեր և այցելել են մեզ՝ պարգևելով հաճելի պահեր: Նման այցելությունները մեզ հույս են ներշնչում վաղվա օրվա նկատմամբ»,- ընդգծել է Մ. Հարությունյանը:

 

  • Կիսվել: