երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
«Ապրելու Արցախ». Վարդգես Բաղրյան

«Ապրելու Արցախ». Վարդգես Բաղրյան

«Ապրելու Արցախ» նախագծի շրջանակներում "Արցախպրես"֊ը հյուրընկալել է գրող, հրապարակախոս Վարդգես Բաղրյանին:

Նա հաստատում է, որ հատկապես հիմա, երբ Արցախը ծանր վիրավոր է, զավակների ամենամեծ նվիրումը հենց հայրենիքում ապրելն է:

«Ավաղ, մեր շատ հայրենակիցներ հասկանալի պատճառով այսօր չունեն այդ հնարավորությունը, սակայն հուսով ենք՝ մի գեղեցիկ օր նրանք կվերադառնան իրենց բնակավայրերը, և բոլորս միասին նորից կվերականգնենք, կծաղկեցնենք մեր՝ ամբողջական դարձած երկիրը: Ինչ վերաբերում է անձամբ ինձ, ապա իմ ողջ գիտակցական կյանքում ես ձգտել եմ իմ ուժերի ներածին չափով օգտակար լինել մեր հայրենիքին ու ժողովրդին, և դրանք ոչ թե դրվագներ են, այլ՝ ապրելակերպ: Որքանով է դա ինձ հաջողվել, թող դատեն հայրենակիցներս ու ժամանակը: Համենայն դեպս, ես միշտ անկեղծ եմ եղել ինքս ինձ հետ և իմ ընթերցողի ու հեռուստադիտողի հետ»,- նշեց Վ. Բաղրյանը:

Մեր զրուցակիցն ընդգծեց՝ մենք հուսալքվելու իրավունք չունենք: «Ես այսօր թոշակառու եմ, սակայն դա ամենևին չի նշանակում, որ անցել եմ վաստակած հանգստի, այլևս անելիք չունեմ, կարող եմ ձեռքերս ծալած նստել թախտին ու սպասել բախտին: Հազար անգամ ոչ: Մեզնից յուրաքանչյուրը, անկախ տարիքից, հատկապես հիմա, պարտավոր է անել նույնիսկ անհնարին թվացողը, որպեսզի Արցախն ապրի, մնա հայկական, ինչպես էր ի վերուստ, որպեսզի ապագայի տեսլականը լինի ոչ թե մշուշոտ, այլ լուսավոր, հանուն ինչի իրենց կյանքն են զոհաբերել հազարավոր հայորդիներ, ուրեմն՝ ի գործ»,- ընդհանրացրեց Վ. Բաղրյանը:

  • Կիսվել: