ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
«Ապագա հայկականը» հիմնադրամն Արցախում  ժողովրդագրական խնդիրների լուծմանն ուղղված  ֆորում անցկացրեց

«Ապագա հայկականը» հիմնադրամն Արցախում ժողովրդագրական խնդիրների լուծմանն ուղղված ֆորում անցկացրեց

Այսօր՝ մայիսի 22-ին, Ստեփանակերտում   կայացավ  «Ապագա հայկականը» հիմնադրամի նախաձեռնած ֆորումը՝ ուղղված ժողովրդագրական խնդիրների լուծմանը:

 «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ ֆորումը նպատակ ուներ խթանելու հասարակության լայն շերտերի ներգրավմամբ երկխոսությունը` նախաձեռնության շրջանակներում մշակված 15 նպատակների շուրջ:
 
Բացման խոսքով հանդես եկավ «Ապագա հայկականը» զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Արտակ Ապիտոնյանը:
 
««Ապագա հայկականի» նախաձեռնած ֆորումը նպատակ ունի կազմել ծրագիր  բոլոր նպատակների և դրանց հասնելու  քայլերի շուրջ: Այդ ծրագիրը նպաստելու է Հայաստանի Հանրապետության, Արցախի Հանրապետության  և Սփյուռքի հայության  կայուն զարգացմանը, անվտանգության ապահովմանը և սոցիալ-տնտեսական աճին: Արցախյան ֆորումով տրվելու է մեկ այլ ավելի մեծ համաժողովի մեկնարկը, որը տեղի է ունենալու աշնանը: Ես վստահ եմ, որ սա ամենաարդյունավետ մոդելներից մեկն է, որը հնարավորություն է ընձեռնում որոշումներ կայացնելու գործընթացում հասարակության մասնակցության  համար», - նշել է Ա. Ապիտոնյանը և ընդգծել հաջորդ` ավելի մեծ համաժողովի ընթացիկ տարում անցկացման կարեւորությունը։
 
Ֆորումի ընթացքում հասարակության բոլոր շերտերը ներկայացնող ավելի քան վաթսուն մասնակիցներ քննարկել են Արցախի ժողովրդագրական խնդիրները, արտահայտել իրենց կարծիքները առկա մարտահրավերների վերաբերյալ և ուրվագծել երկարաժամկետ հեռանկարում խնդիրների հնարավոր կայուն լուծումներ:
 
«Ֆորումը կոնկրետ աշխատանք է, որի արդյունքը պետք է լինի խնդիրների լուծումը: Այն  Արցախից սկսելու  հարցին կպատասխանեմ, որ մենք բոլորս մտածում ենք, որ Արցախի հարցը մեր առաջնային հիմնախնդիրն է։  Փորձագետներն ընտրվել են դրսից, իսկ մասնակիցները` կայքի միջոցով գրանցվելով»,- ասել է «Ապագա հայականը» հիմնադրամի համահիմնադիր Արամ Բեկչյանը:
 
Համահիմնադիրներից Ռիչարդ Ազարնիյան կարծում է, որ հայերի ապագան մեզանից յուրաքանչյուրի ձեռքերում է։
 
«Անցիալի սխալներն են մեզ հասցրել այս վիճակին։ Այդ վիճակից դուրս գալու համար պետք է լուծվեն բոլոր այն խնդիրները, որոնք հանգեցնում են մեզ դրան: Մեր բոլորի պարտականությունն է փոխել ինքներս մեզ և հասկանալ` ինչքան կարևոր է Արցախը մեզ համար: Պետք է յուրաքանչյուրս մտածենք հայության  ապագայի համար և նույնիսկ մտովի չպատկերացնենք հայերի ապագան որևէ այլ ազգի ափերի մեջ»,- ընդգծել է բանախոսը:
 
Արցախյան ֆորումի մասնակիցները քննարկել և ընդունել են հայ առաջատար մասնագետների կողմից մի շարք հանդիպումների և քննարկումների ընթացքում մշակված փաթեթ, որը «Ապագա հայկականը»  նախաձեռնության կողմից կներկայացվի համապատասխան պետական մարմիններին:
 

  • Կիսվել: