հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Անուրանալի է ժողովուրդների ինքնորոշման իրավունքի սկզբունքը. թուրք անդամներից բաղկացած կազմակերպության հայտարարությունը՝ ԱՀ 31-ամյակի առթիվ

Անուրանալի է ժողովուրդների ինքնորոշման իրավունքի սկզբունքը. թուրք անդամներից բաղկացած կազմակերպության հայտարարությունը՝ ԱՀ 31-ամյակի առթիվ

Գերմանիայի Ֆրանկֆուրտ քաղաքում գործող «Միություն ընդդեմ Ցեղասպանության» (Soykırım Karşıtları Derneği) կազմակերպությունը, որը հիմնականում բաղկացած է եվրոպաբնակ թուրք ու քուրդ անդամներից, հայտարարություն է տարածել Արցախի Հանրապետության անկախության հռչակման 31-րդ տարեդարձի կապակցությամբ։

Այդ մասին հայտնում է Akunq.net-ը՝ վկայակոչելով կազմակերպության պաշտոնական ֆեյսբուքյան էջում հրապարակված հայտարարությունը, որում մասնավորապես նշված է․

«ԽՍՀՄ-ի փլուզումից հետո, մյուս հանրապետությունների նման,  Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ևս հռչակել է իր անկախությունը, որի 31-րդ տարելիցն էլ կնշի սեպտեմբերի 2-ին։ Արցախի տարածքների վրա ապրող բնակչությունը, որի մեծամասնությունը հայ ժողովուրդն է, ժողովրդավարական ճանապարհով ինքնորոշվելով, հանրապետության ստեղծման մասին հաղորդեցին աշխարհի ժողովուրդներին ու պետություններին։ Իր գոյությամբ հարևանների համար երբեք սպառնալիք չեղած այս հանրապետությունը, ստեղծման օրից ի վեր ենթարկվելով թուրանապաշտ, ծավալապաշտ պետությունների բռնություններին, հրահրված պատերազմների հետևանքով հազարավոր երիտասարդներ է կորցրել հարյուրավոր մարդիկ տեղահան են արվել իրենց հայրենի երկրից, իսկ ստեղծված հոյակերտ մշակութային ժառանգությունն ավիրվել է։

Մտադիր են 107 տարի առաջ արևմտահայերի ենթարկված Ցեղասպանությունն այսօր իրագործել արևելահայերի նկատմամբ։ Մենք չենք ցանկանում այդ ամենի հանդիսատեսը մնալով՝ մեղսակից դառնալ այդ հանցագործությանը։ Որքան որ անուրանալի է ժողովուրդների ինքնորոշման իրավունքի սկզբունքը, նույնքան անժխտելի փաստ է, որ այդ իրավունքի իրագործումը անխուսափելի է ժողովուրդների խաղաղ և բարեկամական համագոյակցության համար։

Այդ առթիվ, «Միություն ընդդեմ Ցեղասպանության» անվամբ մեր կազմակերպությունը ողջունում է Արցախի Հանրապետության գոյությունը և տեր է կանգնում նրան։

Կրկնում ենք մեր կոչը՝ ուղղված նրան, որ կատարվող ցավալի դեպքերը ժամ առաջ դադարեցվեն, և բացված վերքերի ապաքինման համար պատասխանատու անձանց կողմից անհրաժեշտ քայլեր ձեռնարկվեն այդ ուղղությամբ»։

Հիշեցնենք, որ դեռևս 1998 թ․ Գերմանիայի Ֆրանկֆուրտ քաղաքում հիմնված «Միություն ընդդեմ Ցեղասպանության» կազմակերպությունը վերջին 20 տարիներին ակտիվ գործունեություն է ծավալել հայերի, հույների և ասորիների ցեղասպանությունների դատապարտման ուղղությամբ։ Իր ստեղծման օրվանից սկսած՝ գրեթե ամեն տարի սույն կազմակերպությունն ապրիլի 24-ին պատվիրակություն է ուղարկել Հայաստան՝ Մեծ եղեռնի զոհերի հիշատակը հարգելու նպատակով։ Բացի այդ, միությունը երբեմն հանդես է եկել տարբեր միջոցառումներով, այդ թվում՝ դասախոսություն-սեմինարներ, կլոր սեղան-քննարկումներ և այլ հետաքրքիր ձեռնարկներ, որոնք բոլորն էլ նվիրված են եղել Թուրքիայի կողմից իրագործված ցեղասպանությունների հետևանքների վերացմանը (Այդ մասին ավելի մանրամասն տես՝ https://akunq.net/am/?p=63285)։  

Միություն ընդդեմ Ցեղասպանության կազմակերպությունը ժամանակ առ ժամանակ ակցիաներ է իրականացրել Ֆրանկֆուրտում Թուրքիայի հյուպատոսարանի կամ Գերմանիայում Թուրքիայի այլ ներկայացուցչությունների մոտ՝ հիշեցնելով այդ երկրին իր սարսափելի ոճիրների մասին։ Նման մեծ ակցիա կազմակերպվեց Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին, 2015 թ․ ապրիլին Ֆրանկֆուրտում Թուրքիայի հյուպատոսարանի առջև։ (Այդ մասին մանրամասն տես՝ https://akunq.net/am/?p=44334)։

Ցավոք սրտի, անցյալ տարի սույն կազմակերպությունը թագավարակի հետևանքով կորցրեց իր հիմնադիր նախագահին՝ Ալի Էրթեմին։ Այնուամենայնիվ, գնահատելի է, որ չնայած հարգարժան Ալի Էրթեմի անժամանակ և ցավալի մահվանը՝ միությունը շարունակում է իր հայանպաստ գործունեությունը:

  • Կիսվել: