կիրակի, հունիս 16
16 / 6 / 2024
Անկախ նրանից, Արցախից բռնի տեղահանվածն ունի ՀՀ քաղաքացիություն, թե ոչ, կստանա թոշակ. նախարար

Անկախ նրանից, Արցախից բռնի տեղահանվածն ունի ՀՀ քաղաքացիություն, թե ոչ, կստանա թոշակ. նախարար

Արցախում ունեցած աշխատանքային ստաժն ու զինվորական ծառայությունը ՀՀ–ում հաշվի կառնվեն կենսաթոշակ և նպաստ ստանալու համար:

 
ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նիստի ժամանակ ներկայացնելով «Պետական կենսաթոշակների մասին» և «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը` այս մասին ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը:
 
«Կատարելով օրենսդրական այս փոփոխությունները` ԼՂ–ից բռնի տեղահանված մեր քաղաքացիները հնարավորություն կստանան ՀՀ–ում օգտվելու իրենց սոցիալական երաշխիքներից ու ստանալ կենսաթոշակ և նպաստ: Օրենսդրական այս փոփոխություններով սահմանվում են կենսաթոշակ և նպաստ ստանալու առանձնահատկությունները, հաշվարկելու կարգը»,– հայտարարեց նախարարը:
 
Ըստ Մկրտչյանի` ԼՂ–ում ունեցած աշխատանքային ստաժն ու զինվորական ծառայության մասին տվյալների բազան ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը կվերցնի, կտեղայնացնի, ու ԼՂ–ից բռնի տեղահանվածներն այդպիսով կկարողանան ստանալ կենսաթոշակներն ու նպաստները:
 
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանի այն հարցին, թե արդյոք կենսաթոշակ և նպաստ կստանան նաև այն արցախցիները, որոնք ՀՀ քաղաքացի չեն կամ չեն դառնա, նախարար Մկրտչյանը պատասխանեց` ասելով, որ անկախ նրանից` նրանք կդիմեն ՀՀ քաղաքացիության, թե ոչ, կստանան կենսաթոշակ, քանի որ արդեն իսկ ունեն փախստականի կարգավիճակ:
 
«Եթե անձի կենսաթոշակային տարիքը լրացել է սեպտեմբերի 19–ի տեղահանումից հետո, ապա նա կարող է դիմել ՀՀ–ում գործող համապատասխան սոցիալական տարածքային կենտրոններ ու ինչպես ՀՀ քաղաքացիների դեպքում, այնպես էլ նրանք, կանցնեն նույն ընթացակարգերը ու կստանան կենսաթոշակ»,– ընդգծեց նախարարը:
 
Մկրտչյանը տեղեկացրեց, որ հոկտեմբեր, նոյեմբեր ամիսների կենսաթոշակների ու նպաստների հաշվարկը շուտով կավարտեն ու դեկտեմբերին կսկսեն վճարել:
 
Ինչ վերաբերում է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանի այն հարցին, թե ինչ է լինելու այն արցախցիների ճակատագիրը, որոնք ԼՂ–ում օգտվում էին կենսաթոշակային կուտակային ֆոնդերից, նախարար Մկրտչյանը նշեց, որ այս հարցը դեռ չեն ներառել օրենքում, քանի որ դրա համար մեխանիզմներ ստեղծելու անհրաժեշտություն կա, որի մասին առաջիկայում կիրազեկեն:

  • Կիսվել: