հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
ԱՀ-ում անհայտ կորածին դատարանի կողմից մահացած ճանաչելու ժամկետը 2 տարվա փոխարեն կսահմանվի 1 տարի

ԱՀ-ում անհայտ կորածին դատարանի կողմից մահացած ճանաչելու ժամկետը 2 տարվա փոխարեն կսահմանվի 1 տարի

Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը հունվարի 21-ին Սևակ Աղաջանյանի նախագահությամբ հրավիրել է նիստ, գրում է artsakhpress.am-ը:

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի բաժնի հաղորդմամբ՝ քննարկվել են նստաշրջանի օրակարգում ընդգրկված հարցերը: 
 
Օրակարգի 2-րդ հարցը «Քաղաքացիական օրենսգրքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկումն էր:
 
Օրենքի նախագծով առաջարկվում է ռազմական գործողությունների կապակցությամբ անհայտ կորած զինծառայողներին և այլ քաղաքացուն դատական կարգով անհայտ բացակայող ճանաչելու վերաբերյալ  դիմում ներկայացնելու հնարավորություն ընձեռել զինծառայողի կամ այլ քաղաքացու գտնվելու վայրի մասին 3 ամսվա ընթացքում տեղեկություններ չլինելու դեպքում, ինչպես նաև նույն պայմաններում անհայտ կորածին դատարանի կողմից մահացած ճանաչելու ժամկետը 2 տարվա փոխարեն սահմանել 1 տարի՝ ռազմական գործողությունների ավարտից հետո:
 
Օրինագիծը  ներկայացրել և դրա վերաբերյալ պարզաբանումներ է տվել կառավարության լիազոր ներկայացուցիչարդարադատության նախարար Կարեն Դանիելյանը:

Հանձնաժողովը նախագծի վերաբերյալ 5 կողմ ձայների համամասնությամբ տվել է դրական եզրակացություն:

Հիշեցնենք, որ օրակարգի 1-րդ հարցը,որ ներկայացրել է ԱՀ արդարադատության նախարար Կարեն Դանիելյանը, ««Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», ««Ոստիկանության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և ««Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթն էր:
 
Օրենքների նախագծերի փաթեթով առաջարկվում է Արցախի Հնարապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը և Արցախի Հանրապետության ոստիկանությունը ներառել մեկ միասնական մարմնի՝ Ներքին գործերի նախարարության կազմում:
 

  • Կիսվել: