ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Անցակետ տեղադրելուց հետո Եղցահող, Հին Շեն, Մեծ Շեն և Լիսագոր համայնքների բնակիչները մնացել են լիակատար շրջափակման մեջ. Արցախի պետնախարար

Անցակետ տեղադրելուց հետո Եղցահող, Հին Շեն, Մեծ Շեն և Լիսագոր համայնքների բնակիչները մնացել են լիակատար շրջափակման մեջ. Արցախի պետնախարար

Անձամբ եմ կապի մեջ Շուշիի շրջանի վարչակազմի և շրջանի համայնքների ղեկավարների հետ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը:

՛՛Արցախը Հայաստանին կապող մայրուղու Հայաստանի Հանրապետության հետ սահմանին Ադրբեջանի կողմից անցակետ տեղադրելուց հետո Արցախի Հանրապետության Շուշիի շրջանի Եղցահող, Հին Շեն, Մեծ Շեն և Լիսագոր համայնքների բնակիչները մնացել են լիակատար շրջափակման մեջ, նրանք կտրվել են ինչպես Ստեփանակերտից, այնպես էլ Հայաստանի Հանրապետություն մեկնելու հնարավորությունից:

Ես անձամբ եմ կապի մեջ Շուշիի շրջանի վարչակազմի ու համայնքների ղեկավարների հետ, վերջիններիս կողմից արդեն ներկայացվել են այն խնդիրները, որոնք կարող են ծագել առաջիկա օրերին՝ շրջափակումը շարունակվելու պարագայում:

Մինչ Ադրբեջանի կողմից անցակետ տեղադրելը և ճանապարհը այդ հատվածում փակելը Մեծ Շեն համայնքից երեք անչափահաս երեխա, որոնցից մեկը երեք տարեկան, մեկնել էին քաղաք Գորիս և այժմ նրանք չեն կարողանում վերադառնալ ծնողների մոտ:

Նույնպիսի իրավիճակ կա նաև Լիսագոր համայնքում՝ համայնքի մի քանի բնակիչներ մնացել են Հայաստանի Հանրապետությունում:

Հիշյալ համայնքներից շտապ օգնության մեքենաների շարժը դեպի Հայաստանի Հանրապետություն և մեր քաղաքացիների վերադարձը կազմակերպելու համար դիմել եմ ռուսական խաղաղապահ ուժերին, որի կապակցությամբ վաղը կոնկրետ քայլեր կձեռնարկվեն և, հուսով եմ, կունենանք այդ և մյուս խնդիրների լուծումներ՛՛,-նշել է նա:

  • Կիսվել: