շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Անաչառ կառավարումն ու հավասար հնարավորությունները ստեղծվելու են բոլորի համար․ Արայիկ Հարությունյան

Անաչառ կառավարումն ու հավասար հնարավորությունները ստեղծվելու են բոլորի համար․ Արայիկ Հարությունյան

Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Արցախում այգեգործության ապագային։

Նա, մասնավորապես, նշել է․

«Հարգելի ՛ հայրենակիցներ

Այսօր կանդրադառնամ մեր նախընտրական ծրագրի հիմնադրույթներից համարվող այգեգործության զարգացմանը և մասնավորապես կխոսեմ մի քանի կարևոր վիճակագրական թվերի, սպասվելիք անելիքների մասին:

Ինչպես գիտեք, մենք հայտարարել ենք 10 հազար հեկտար նոր այգիներ (նուռ, կիվի, ընկույզ, տանձ, արքայանարինջ և այլն) տնկելու և գյուղատնտեսության այդ ճյուղը, որը համարում եմ մեր տնտեսության ունեցած ներուժի ծանրակշիռ և դեռևս ամբողջությամբ չիրացված ոլորտը, որակական նոր մակարդակի հասցնելու մասին:

Որպես համեմատություն՝ նշեմ, որ Արցախում ներկայումս այգիների ամբողջ քանակն ավելի քիչ է՝ 6.800 հա (դրանից 1700 հա-ը՝ խաղող, 2150 հա-ը՝ նուռ), որի զգալի մասը տնկվել է 2008-2019թթ.-ին: Եթե, օրինակ, 2007թ.-ին հանրապետության ողջ տարածքում տնկվել է ընդամենը 50 հա այգի, 2008թ.-ին այդ թիվը հասցրել ենք 350 հա-ի, իսկ միայն 2019թ.-ին այն կազմել է 1210 հա, որից 790 հա-ը՝ նուռ:

Տունկը հիմնականում իրականացվել է այն տարածքներում, որոնք պետական եւ բարեգործական աջակցությամբ դարձել են ոռոգովի: Տնկիների մեծ մասն անվճար հիմունքներով տրամադրել է պետությունը. պետական մեծ աջակցություն է սպասվում այդ տնտեսություններին նաև կաթիլային համակարգի տեղադրման գործում: Իսկ որպեսզի զերծ մնանք շահարկման հերթական առիթից, տեղեկացնեմ, որ այդ ծրագրի շահառուները մեր ավելի քան 300 հայրենակիցներն են:

 

Այս քաղաքականությունը, ինչպես արդեն նախանշել ենք, ոչ միայն  շարունակական է լինելու, այլև տրամադրվող պետական հատկացումների հաշվին մեծացվելու են ծավալները, ոռոգովի տարածքները և, ամենակարևորը, հանրային հաշվետվողականությունն ու ծրագրից օգտվելու պայմանների թափանցիկությունը: Ովքեր դեռ չեն հավատում, պետք է հիասթափեցնեմ՝ հայտարարելով, որ անաչառ կառավարումն ու հավասար հնարավորությունները ստեղծվելու են բոլորի համար: Իսկ փոխարենը լինելու ենք խիստ, պահանջկոտ ու հետևողական:

Ես հավատում եմ Արցախի ծաղկուն ապագային. մենք այն տեսանելի կդարձնենք միասին»։

 

 

  • Կիսվել: