կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Ամփոփվել են Ստեփանակերտի հայ-իտալական կրթահամալիրի ուսանողների կարած հագուստների օնլայն աճուրդ-վաճառքի արդյունքները

Ամփոփվել են Ստեփանակերտի հայ-իտալական կրթահամալիրի ուսանողների կարած հագուստների օնլայն աճուրդ-վաճառքի արդյունքները

«Քրիստոնյաները կարիքի մեջ» հիմնադրամի կողմից կազմակերպված Ստեփանակերտի « Անտոնիա Արսլան հայ-իտալական կրթահամալիր» -ի ուսանողների կարած հագուստի օնլայն աճուրդ-վաճառքի արդյունքում հավաքվել է 4186 ԱՄՆ դոլար գումար:

 Ողջ հասույթը ուղղվելու է Ստեփանակերտի «Անտոնիա Արսլան հայ-իտալական կրթահամալիր»-ի կանոնադրական նպատակների իրականացմանը:

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է կրթահամալիրի գլխավոր տնօրեն Տաթևիկ Զաքարյանը:

«Մարտի 8-ին մեկնարկած բարեգործական աճուրդին ներկայացված էին 22 ձեռագործ աշխատանքների եզակի նմուշներ, որոնք պատրաստվել են կրթահամալիրի ուսանողների կողմից:

Դրանց մեծ մասն ամենօրյա հագուստ էր` ներառյալ վերնազգեստներ, բլեյզերներ, կիսաշրջազգեստներ և տաբատներ, որոնց գները սովորաբար տատանվում էին 30-ից 200 դոլարի սահմաններում:

Բացի այդ, աճուրդում ներկայացված էր դիզայներական հագուստի հատուկ հավաքածու՝ պատրաստված նուրբ գործվածքներից: Հատուկ հավաքածուի ապրանքների արժեքը տատանվում էր 250-ից 2000 դոլարի սահմաններում:

Աճուրդի մասնակիցները ԱՄՆ Մասաչուսեթս, Կոնեկտիկուտ, Կալիֆոռնիա նահանգներից և Նյու Յորք քաղաքից էին», - ասել է Տ. Զաքարյանը և հավելել, որ նման աճուրդ-վաճառքների կազմակերպումը շարունակական կլինի:

 

  • Կիսվել: