Ամփոփվել են Արցախի Հանրապետության հռչակման օրվան նվիրված շարադրությունների մրցույթի արդյունքները
Այսօր՝ սեպտեմբերի 6-ին, տեղի է ունեցել Արցախի Հանչրապետության օրվան նվիրված շարադրությունների մրցույթի մրցույթի՝ բարձր միավորներ վաստակած և մրցանակային տեղեր զբաղեցրած մասնակիցների պարգևատրումը։ Այս մասին տեղեկացնում են Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից։
Աղբյուրի տեղեկատվությամբ՝ ԿԳՄՍ նախարարությունն արդեն երկրորդ տարին Արցախի Հանրապետության հռչակման օրվան ընդառաջ դպրոցականների համար կազմակերպում է տոն օրվան նվիրված շարադրությունների մրցույթ։
Օրը նշանավորելուց զատ, այն նպատակ ունի բացահայտելու երեխաների ստեղծագործական և վերլուծական կարողությունները և ոգևորելու շնորհալի երեխաներին։ Այս տարի 10-11-րդ դասարանների 18 աշակերտ է մասնակցել մրցույթին, որը կայացել է օգոստոսի 30-ին, մեկ փուլով։ Արդյունքների ամփոփմամբ՝ Մարտակերտի շրջանի Հաթերքի միջն․ դպրոցի 11-րդ դասարանցի Արփինե Խաչատրյանի շարադրությունը լավագույնն է ճանաչվել։
Երկրորդ տեղում Ճարտարի հ․ 1 դպրոցի աշակերտուհի Նարինե Այդինյանն է։ Իսկ երրորդ մրցանակային տեղին արժանացել է Շուշաննա Բալայանը՝ Ստեփանակերտի հ․ 8 դպրոցից։ Հանձնաժողովի անդամ, պետական տեսուչ Գայանե Գրիգորյանը խոստովանում է՝ փորձել են հնարավորինս զգույշ մոտենալ յուրաքանչյուր մասնակցի աշխատանքին՝ հասկանալով, որ ամենքը թղթի վրա թողել է իր սրտից մի նշույլ, մի մասնիկ իր հոգուց։
«Լավ գիտակցեք, որ գրագիտությունը բոլոր ժամանակներում հաղթաթուղթ է ձեր ձեռքին։ Շարունակեք զարգացնել ձեր ստեղծագործական կարողությունները, կատարելագործեք ձեր գիտելիքները»,-մասնակիցներին ուղղված խոսքում նշեց Գ․ Գրիգորյանը։
Մրցանակային տեղեր զբաղեցրած և ակտիվ մասնակցություն ցուցաբերած դպրոցականները պարգևատրվել են նախարարության դիպլոմներով, պատվոգրերով և նվերներ: