Ամո'թ ՄԱԿ-ին, Ադրբեջանն այս ամենն իրականացնում է ՄԱԿ-ի քաջալերող լռության ներքո. Լարիսա Ալավերդյան
ՀՀ առաջին ՄԻՊ Լարիսա Ալավերդյանը պարզաբանեց, թե ինչու են պարբերաբար ՄԱԿ-ի դիմաց արտահայտում իրենց բողոքը։
Այսօր Բաքվում պահվող 23 գերիներից 15-ի կեղծ դատավարությունից առաջ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի առջև բողոքի ակցիայի ժամանակ նա ասաց․ «ՄԱԿ-ի կանոնադրությամբ՝ երկրները, որոնք անդամ են ՄԱԿ-ին, ոչ թե կարող են, այլ պարտավոր են իրականացնել որոշ գործողություններ, որոնք անտեսվում են համակարգային ձևով։ Ամո՛թ, ամո՛թ ՄԱԿ-ի հայաստանյան ներկայացուցչությանը, որովհետև հենց այստեղ են իրենք տեսնում, թե ինչ է տեղի ունենում»։
Ալավերդյանը նկատեց, որ քաղաքական դիրքորոշումները կարող են լինել տարբեր․ մի պետությունը կարող է պաշտպանել մեկ այլ պետության դիրքորոշումը, մյուս պետությունը՝ այլ. «Բայց մարդասիրական իրավունքը, միջազգային հումանիտար իրավունքը պարտադրում է բոլորին դադարեցնել, վերջ տալ լկտի այն գործողություններին, որոնցով Ադրբեջանը ոչ միայն ոտնահարում է միջազգային հումանիտար իրավունքի նորմերը, այլև հակադրում է իրեն։ Ցույց տվեք ինձ, ՄԱԿ-ի ներկայացուցիչներ, մի որոշում, որով դուք ոչ միայն ընդունում եք ինչ-որ կոչեր, այլև որով հստակ կիրառում եք այս կամ այն պատժամիջոցները»,-ասաց նա։
Նրա խոսքով, ՄԱԿ-ն այստեղ ունի հստակ պարտավորություններ. «Ես այստեղ գտնվող մարդկանց անունից պահանջում եմ հստակ գործողություններ, իրենց պարտականությունների կատարում: Ադրբեջանը հայ գերիներին պատանդ է պահում քաղաքական առևտրի համար, իսկ այդ ամենն արվում է ՄԱԿ-ի՝ Ադրբեջանին քաջալերող լռության ներքո։
Հիշեք, Ադրբեջանը նույնացնում է ԼՂ Հանրապետության ազգային ազատագրական պայքարի, իր ինքորոշցած լինելու պայքարը նույնացնում է տեռորիստական գործողությունների հետ։ Մենք պարտավոր ենք մշտապես բարձրաձայնել, մշտական գործողություններով ահազանգել այդ մասին։ Այն, ինչ չի անում իշխանությունը, պետք է անի հասարակությունը։ Մենք ձեզ հետ պետք է լրացնենք այն բացը, որը հանցավոր ձևով չի իրականացվում այն մարդկանց կողմից, որոնք պարտավոր են դա անել»,-ասաց նա՝ ՄԱԿ-ի ներկայացուցիչների հասցեին նետոլով «ամոթ, Դուք կրում եք ձեր ճակատին խայտառակ խարան»,-հայտարարեց Լարիսա Ալավերդյանը։