ԱՄՆ Կոնգրեսի 87 անդամ Մարկո Ռուբիոյին կոչ է անում ապահովել Արցախի հայերի անվտանգ վերադարձը
Հուլիսի 23-ին ԱՄՆ Կոնգրեսի 87 անդամ նամակ է հղել պետքարտուղար Մարկո Ռուբիոյին՝ կոչ անելով աջակցել Արցախի բռնի տեղահանված հայերի անվտանգ և արժանապատիվ վերադարձին իրենց հայրենիք՝ միջազգային իրավունքի շրջանակում։ Կոչը ներկայացված է 24 նահանգներից ընտրված կոնգրեսականների կողմից, որոնք ներկայացնում են ավելի քան 66 մլն ամերիկացու։
«Այս երկկուսակցական նամակը հստակ ազդակ է ուղղում վարչակազմին. տարածաշրջանային իրական խաղաղության ճանապարհը սկսվում է Արցախի հայ բնակչության համատեղ և պաշտպանված վերադարձով, իսկ ոչ՝ Ադրբեջանի կողմից բնիկ քրիստոնյա բնակչության էթնիկ զտման լեգիտիմացմամբ», – հայտարարել է ANCA-ի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը։
Նամակը ղեկավարել են Կոնգրեսի Հայկական հարցերով խմբի համանախագահներ՝ Ֆրենկ Փալոնը (D-NJ), Գաս Բիլիրակիսը (R-FL), Բրեդ Շերմանը (D-CA) և Դեյվիդ Վալադեոն (R-CA)։ Նրանք ընդգծել են․ «Մենք կոչ ենք անում ձեզ ներգրավել բոլոր կողմերին՝ երաշխավորելու Արցախի բռնի տեղահանված հայ բնակչության համատեղ, պաշտպանված և արժանապատիվ վերադարձը իրենց բնիկ հայրենիք։ Սա լիովին համապատասխանում է միջազգային իրավունքին և նպաստում է տարածաշրջանային արդար ու կայուն խաղաղությանը»։
Նամակում փաստագրվում են 2023-ին Ադրբեջանի կողմից իրականացված շրջափակման և ռազմական ներխուժման հետևանքները, որոնց արդյունքում բռնի տեղահանվել է Արցախի ամբողջ՝ 120,000 հոգանոց քրիստոնյա հայկական բնակչությունը։ Այն նաև մատնանշում է Ադրբեջանի՝ հայկական քրիստոնեական մշակութային ժառանգության միտումնավոր ոչնչացման, քաղաքացիական գույքի և ենթակառուցվածքների թալանի ու քանդման դեպքերը՝ վերադառնալու հնարավորությունը վերացնելու նպատակով։
Հղում անելով միջազգային նախադեպերին՝ նամակում նշվում է. «Պատերազմից տեղահանված բնակչության վերադարձի իրավունքը միջազգային իրավունքի հիմնարար սկզբունք է»։ Հիշատակվում է նաև ՄԱԿ-ի Միջազգային դատարանի՝ 2023թ. դեկտեմբերին ընդունված որոշումը, որը պարտավորեցնում է Ադրբեջանին ապահովել Արցախի հայ բնակչության անվտանգ վերադարձը։
Կոնգրեսականները նաև կոչ են անում ԱՄՆ վարչակազմին աջակցել Շվեյցարիայի Խաղաղության նախաձեռնությանը՝ Արցախի հարցով միջազգային բանակցային հարթակ ստեղծելու համար, որը կերաշխավորի հայերի անվտանգ վերադարձը։ Նախաձեռնությունը ներկայացվել էր հուլիսի 10-ին կայացած Կոնգրեսական լսումների ժամանակ, որին մասնակցել են շվեյցարացի պատգամավորներ, մարդու իրավունքների պաշտպաններ և փորձագետներ։
Նամակի հրապարակմանը նախորդել է ANCA-ի ազգային և տեղական գրասենյակների ակտիվ քարոզչությունը. ավելի քան 40,000 էլ. նամակ և հեռախոսազանգ է ուղարկվել կոնգրեսականներին։ Բացի այդ, ANCA-ի ամառային փորձնակները՝ Լեո Սարգսյանը և Մարալ Մելքոնյան Ավետիսյանը, այցելել են ավելի քան 400 կոնգրեսական գրասենյակ՝ փաստաթղթեր տրամադրելով և առաջ մղելով «վերադարձի իրավունքի» պաշտպանությունը։
Նամակում օրենսդիրները հաստատում են ԱՄՆ նախկին դիրքորոշումը՝ վկայակոչելով պետքարտուղարության պաշտոնյան Ջիմ Օ’Բրայենի հայտարարությունը, ըստ որի՝ «ԱՄՆ-ը կոչ է արել Ադրբեջանին ապահովել Լեռնային Ղարաբաղը լքած էթնիկ հայերի անվտանգ, արժանապատիվ և կայուն վերադարձը՝ նրանց իրավունքների և անվտանգության լիարժեք պաշտպանությամբ»։
Նամակը եզրափակվում է հետևյալ ուղերձով․ «Մենք սպասում ենք Ձեր արձագանքին և պատրաստ ենք համագործակցել արդար, կայուն և արժանապատիվ խաղաղություն կառուցելու հարցում, որը կապահովի բռնի տեղահանված հայերի վերադարձը իրենց բնիկ հողեր՝ առանց նոր բռնության կամ հետապնդման վախի»։


