ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
ԱՄՆ-ի կողմից Արցախի օգնությունը դադարեցնելը Հայաստանի դիվանագիտական պարտությունն է․ Սուրեն Սարգսյան

ԱՄՆ-ի կողմից Արցախի օգնությունը դադարեցնելը Հայաստանի դիվանագիտական պարտությունն է․ Սուրեն Սարգսյան

ԱՄՆ կառավարությունը որոշել է դադարեցնել Արցախին ամեն տարի հատկացվող 1,5 մլն դոլարի աջակցության ծրագիրը։ Այս ծրագիր նպատակը, հիշեցնենք, Արցախում ականազերծման ծրագրերին աջակցությունն էր։ Թրամփի վարչակազմի որոշման վերաբերյալ զրուցել ենք Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Սուրեն Սարգսյանի հետ։

Պարոն Սարգսյան, ԱՄՆ կառավարությունը վերարել է Արցախին տրամադրվող ամենամյա ֆինանսական աջակցությունը։ Ըստ Ձեզ՝ ինչո՞ւ նման որոշում կայացվեց, արդյոք դա ֆինանսատնտեսական, թե քաղաքական պատճառներ ուներ։

Ում համար քաղաքական, ում համար՝ ֆինանսատնտեսական, քանի որ բոլորի համար պարզ էր, որ ԱՄՆ-ն, Հայաստանի Հանրապետությունից զատ, միակ պետությունն էր, որը ուղիղ աջակցություն էր ցուցաբերում Արցախին։ Այսօր այդ օգնությունը կրճատվեց, քանի որ ընդհանրապես, կրճատվում է ԱՄՆ-ի կողմից տրամադրվող արտաքին օգնությունը ամբողջ աշխարհին։ Այդ հարցը միայն Հայաստանին չի վերաբերում։ Խոսակցություններ կային, որ ֆինանսական օգնությունը կրճատվելու է, և այսօր այդ հարցը դարձել է իրողություն։ Պատճառները տարբեր են, նախ՝ այն, որ Թրամփի վարչակազմի համար արտաքին օգնությունը առաջնահերթություն չէ, երկրորդ կարևոր հանգամանքը ադրբեջանցիների ակտիվ աշխատանքն է, երրորդ կարևոր հանգամանքը Հայաստանի կողմից ոչ ակտիվ քաղաքականությունն է Միացյալ Նահանգների Անվտանգության խորհրդի հետ աշխատանքներում, որը նման ծրագրերի կարևոր որոշող մարմիններից է։ Կարծում եմ՝ այս ամենի արդյունքում ունենաք այն, ինչ ունենք։

Հնարավո՞ր է Սիրիայի հետ կապված Հայաստանի քաղաքականությունը ևս պատճառ եղած լինի նման որոշման։

Այո, իհարկե։ Պատճառները կարող են լինել բազմաթիվ, այդ թվում՝ Սիրիայում հայկական ներկայացվածությունը։

Պարոն Սարգսյան, ի՞նչ եք կարծում, Հայաստանի իշխանությունների համար առաջնահերթություններից չէ՞ ԱՄՆ-ի հետ հարաբերությունները։

Կարծում եմ՝ առաջնահերթություն չէ, որովհետև եթե առաջնահերթություն լիներ, ավելի ակտիվ շփումներ կլինեին, ավելի բարձր մակարդակով շփումներ կլինեին, ավելի շատ կլինեին փոխայցելությունները, ավելի ակտիվ քննարկումներ կլինեին, օրակարգը չէր լինի լճացած, ակտիվ քայլեր կձեռնարկվեին և այլն։

Ի՞նչն է խնդիրը, չկա՞ն պրոֆեսիոնալներ այդ ուղղությամբ աշխատանքներ տանելու համար։

Պատճառները ամենատարբեր են՝ այո, և պրոֆեսիոնալների բացակայությունը, և պետական կառավարման մարմիններում այլ առաջնահերթություն ունենալը, ընդհանրապես, քաղաքական առաջնահերթությունների վերադաասավորումը, մենեջմենթը և այլն։ Այսինքն՝ խնդիրները շատ տարբեր կարող են լինել։

Ի՞նչ է կորցնում Արցախը։

Այստեղ կարևորը ոչ թե Արցախին տրամադրվող ֆինանսական օգնության չափն է, որը տարեկան 1-2 մլն դոլար էր կազմում, այլ այն, որ Արցախը Հայաստանից բացի, աշխարհի թիվ մեկ գերտերությունից ֆինանսական աջակցություն էր ստանում, որը, ցավոք, կտրվեց։ Դիվանագիտական առումով սա, կարծում եմ, պարտություն կարելի է համարել։

Իսկ գուցե, այնուամենայնիվ, մոտալուտ ֆինանսատնտեսական ճգնաժամն է պատճառը, որ ԱՄՆ-ն նման որոշում է կայացրել։

Չեմ կարծում, որ ԱՄՆ-ի ֆինանսական վիճակն այնքան ծանր է, որ Արցախին տրամադրվելիք 1-2 մլն ԱՄՆ դոլարը նրա համար պետք է լուրջ եղանակ ստեղծեր։ Այնպես որ այստեղ խնդիրը բացարձակապես ֆինանսների կրճատման մեջ չէ։

Դուք ասացիք, որ ադրբեջանական լոբբինգն ակտիվ է եղել օգնության չեղարկման հարցում, բայց մենք գիտենք, որ հայկական կազմակերպությունները ԱՄՆ-ում ակտիվ են աշխատում։ Բավարար չի՞ եղել այդ ակտիվությունը։

Այո, շատ ակտիվ են աշխատել հայկական կազմակերպությունները, շուրջ 70 կոնգրեսականի ստորագրություն է հավաքվել, ուղարկվել Թրամփի ադմինիստրացիային՝ խնդրելով Արցախին օգնության ծավալը մեծացնել, բայց, ինչպես տեսանք, եղավ հակառակը։ Ոչ թե բավարար ակտիվություն չեն ցուցաբերել հայկական կազմակերպությունները, այլ հակազդող հանգամանքներն ավելի շատ էին ու ուժեղ, քան մեր լոբբիստների հետևողական և պրոֆեսիոնալ աշխատանքը։ Նրանք, նաև՝ ԱՄՆ-ում ՀՀ դեսպանատունը, մաքսիմումն են արել։ Այս վարչակազմի հետ հնարավոր չէ որևէ բան անել, նրանց համար առաջնահերթ չեն արտաքին օգնությունները և այդ առումով դժվար կլինի վերականգնել Արցախին օգնությունը։

 

  • Կիսվել: