Ամերիկյան հայտնի Newsweek հանդեսը հրապարակել է Արտակ Բեգլարյանի հոդվածը Ադրբեջանի կրոնական ազատության խախտումների թեմայով
Ամերիկյան հայտնի Newsweek հանդեսը հրապարակել է Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանի հոդվածը Ադրբեջանի կրոնական ազատության խախտումների թեմայով: Հոդվածում մասնավորապես ասված է․
«Ադրբեջանի լոբբիստները հաճախ մոլորեցնող կերպով գովաբանում են Ադրբեջանը որպես «կրոնական հանդուրժողականության փարոս»: Այդ խոսույթը պահանջում է շատ ավելի մանրակրկիտ քննություն, քանի որ իրականությունը փաստում է մեծապես տարբերվող եղելություն»:
«Վերջին տարիներին Ադրբեջանի բռնապետական ռեժիմը՝ Իլհամ Ալիևի գլխավորությամբ, ցեղասպանություն է իրականացրել Լեռնային Ղարաբաղի (Արցախի) բնիկ հայերի նկատմամբ, ինչպես գնահատվել է միջազգային առաջատար փորձագետների, այդ թվում՝ Միջազգային քրեական դատարանի առաջին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոյի և ՄԱԿ-ի ցեղասպանությունների կանխարգելման առաջին հատուկ խորհրդական Խուան Մենդեսի կողմից: Բացի բազմաթիվ հայկական ու քրիստոնեական հուշարձանների ավերածությունից, ադրբեջանական ցեղասպանական քաղաքականությունը հանգեցրել է մոտ 150,000 հայերի բռնի տեղահանմանը մեր հինավուրց հայրենիքից»:
Ամփոփելով«՝ թեև որոշ կրոնական համայնքներ կարող են Ադրբեջանում զգալ հարաբերական և ցուցադրական ազատություն, հայ քրիստոնյաների նկատմամբ ցեղասպանության, մարդու իրավունքների և ազատությունների զանգվածային խախտումների, ինչպես նաև ներքին իրավախախտումների և բռնաճնշումների լայնածավալ ապացույցները ստեղծում են զորեղ հիմնավորումներ, թե ինչու Ադրբեջանը պետք է դասվի որպես «հատուկ մտահոգության երկիր» և պատասխանատվության ենթարկվի միջազգային հանրության կողմից:
Հետևաբար, Պետքարտուղարությունը պետք է հետևի ոչ միայն Freedom House-ի խորհուրդին Միջազգային քրեական դատարան դիմելու վերաբերյալ, այլև USCIRF-ի հորդորին՝ կիրառելով պատժամիջոցներ Ադրբեջանի բռնապետական և ցեղասպանական ռեժիմի դեմ, որը ոչ թե «փարոս» է, այլ՝ մարդու իրավունքների դժոխք»: