ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Ալիևը Շուշիում կրկին խոսել է «Զանգեզուրի միջանցքի» մասին

Ալիևը Շուշիում կրկին խոսել է «Զանգեզուրի միջանցքի» մասին

Այսօր Իլհամ Ալիևն ընտանիքով այցելել է Շուշի, որտեղ հանդես է եկել ելույթով ու, հերթական անգամ խեղաթյուրելով իրականությունը, հայտարարել է, թե, իբր, Հայաստանը պարտավորվել է «տրամադրել Զանգեզուրի միջանցք և դուրս բերել ամբողջությամբ իր զորքերը Ղարաբաղից, սակայն այդ պարտավորությունները չի կատարել»։

Ադրբեջանի նախագահն անդրադարձ է կատարել նաև հավանական «խաղաղության պայմանագրին»՝ հայտարարելով. «Մենք խաղաղություն ենք ուզում, մենք պատերազմ չենք ուզում: Մեր առաջ քաշած պայմաններն արդարացի են, հիմնված են միջազգային իրավունքի վրա, և խաղաղության պայմանագիրը պետք է ստորագրվի այս պայմանների հիման վրա»:

Իր ելույթում Ալիևը նաև անդրադարձել է Իրանին. «Մեր բանակը ցուցաբերել է հերոսություն, պրոֆեսիոնալիզմ և նվիրում: Եթե ​​պետք լինի, էլի ցույց կտանք, մեր ուզածին կհասնենք: Սա բոլորը գիտեն, սա էլ պետք է իմանան նրանք, ովքեր զորավարժություններ են անցկացնում մեր սահմաններին՝ ի պաշտպանություն Հայաստանի։ Մեզ ոչ ոք չի կարող վախեցնել»,- ասել է նա։

Բացի այդ՝ Ալիևը նաև անթաքույց նշել է, որ Ադրբեջանն օկուպացրել է Հայաստանի տարածքի մի մասը: «Հիմա հայերը տեսնում են` ինչ է օկուպացիան և կորուստները։ Սա արվում է նաև, որպեսզի Հայաստանը կատարի իր միջազգային պարտավորությունները։ Պարտված երկիրը չի կարող իրեն այսպես պահել, ուստի մեր բոլոր քայլերն արդարացված են»,- ասել է Ադրբեջանի նախագահը:

 

  • Կիսվել: