ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Ալիևն ընդհանուր առմամբ դրական է գնահատել ԼՂ-ում ռուս խաղաղապահների գործունեությունը

Ալիևն ընդհանուր առմամբ դրական է գնահատել ԼՂ-ում ռուս խաղաղապահների գործունեությունը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ադրբեջանական հեռուստաալիքներին տված հարցազրույցում գնահատել է ռուս խաղաղապահների գործությունեությունը Լեռնային Ղարաբաղում: Նա ասել է, որ, ընդհանուր առմամբ, Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահները լավ են կատարում իրենց առջև դրված առաջադրանքները, թեև նրանց նկատմամբ կան պահանջներ։

՛՛Մեկ անգամ չէ, որ պաշտոնապես մեր դժգոհությունն ենք հայտնել ՛՛անօրինական այցերի՛՛ (չակերտները՝ infoport.am-ի) կապակցությամբ։ Մեր պաշտպանության նախարարը մեկ անգամ չէ, որ նամակներ է հղել իր ռուս գործընկերոջը, ինչպես նաև դժգոհություն է հայտնել խաղաղապահ առաքելության ղեկավարին՛՛,-ասել է Ալիևը՝ հավելելով, որ  նման քայլեր են ձեռնարկվել Վալերի Պեկրեսի ՛՛անօրինական այցի՛՛ ժամանակ (նկատի ունի Ֆրանսիայի նախագահի թեկնածուի տարեվերջյան այցը Ստեփանակերտ-խմբ.)։

՛՛Մեզ պատասխանեցին, որ խաղաղապահներն ուշադիր չեն եղել, տեղյակ չեն եղել, ասել են, որ Պեկրեսը սովորական մեքենայով է եկել և այլն։ Սրան դժվար է հավատալ. այս այցելությունը կազմակերպված էր՛՛,-կարծիք է հայտնել Ալիևը:

Նա նաև նշել է, որ ռուս խաղաղապահները փորձում են այնպես անել, որ հնարավորինս քիչ մարդ լքի իրենց պատասխանատվության տարածքը։ Ալիևը դա համարել է ոչ պատահական:

՛՛Ռուս խաղաղապահները ցանկանում են մուտքն ազատ դարձնել և որոշակի խնդիրներ ստեղծել ելքի վրա։ Հեռացող մեքենաները կանգնեցնում են, վարորդներին հարցաքննում են, քանի որ չեն ուզում, որ մարդիկ այստեղից գնան։ Սա չի կարող պատահական լինել՛՛,-ասել է նա:

Այդուհանդերձ, Ալիևն ընդհանուր առմամբ  դրական է գնահատել խաղաղապահների աշխատանքը՝ նշելով. ՛՛Ոչ մի լուրջ միջադեպ չի եղել. միջադեպեր եղել են միայն հայ-ադրբեջանական սահմանին՛՛:

  • Կիսվել: