հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Ակնայով բեռների տեղափոխմանը Արայիկ Հարությունյանը համաձայնություն չի տվել․ Արցախցի ընդդիմադիր պատգամավոր

Ակնայով բեռների տեղափոխմանը Արայիկ Հարությունյանը համաձայնություն չի տվել․ Արցախցի ընդդիմադիր պատգամավոր

Վստահ եմ, որ ռուսական կողմին ձեռնտու չէ, որպեսզի Ակնայով ճանապարհ բացվի, որովհետեւ իրենք շատ լավ հասկանում են, որ դա եւս մեկ քայլ առաջ է՝ դեպի, այսպես կոչված, ինտեգրում, իսկ ՌԴ-ին այդքան էլ ձեռք չի տալիս, որ արցախահայերը ինտեգրվեն Ադրբեջանին եւ այս կոնֆլիկտն ընդհանրապես մարի: Համենայնդեպս, կոնֆլիկտի առկայությունն իրենց ձեռնտու է։ Նման կարծիք «Առավոտի» հետ զրույցում հայտնել է Արցախի ընդդիմադիր «Արդարություն» կուսակցության նախագահ Հակոբ Հակոբյանը:

Խոսելով Արցախում վերջին օրերի ներքաղաքական զարգացումների մասին՝ ընդդիմադիր գործիչը նշել է, որ արտառոց լարվածություն չկա։ «Ուղղակի, Արցախի նախագահը որոշել էր հրաժարական տալ, հետո, հավանաբար, ինչ-որ բան է փոխվել՝ կամ ճնշում է եղել, կամ՝ ինքն է մտքափոխվել, կամ՝ շրջապատի մարդիկ ասել են՝ ինչո՞ւ ես հրաժարական տալիս: Այդ ընթացքում, Ռուբեն Վարդանյանը հանդես եկավ հրապարակումով՝ քննադատելով Արայիկ Հարությունյանի վարքագիծը: Բայց, որ ասենք՝ քաղաքական ճգնաժամ կա, ինչ-որ կուսակցություններ դուրս են եկել խորհրդարանից՝ իշխող կուսակցության դեմ, իշխանափոխության են ձգտում, այդպիսի ոչինչ չկա: Ավելի շատ՝ փոթորիկ՝ մեկ բաժակ ջրում»:

Խոսելով շրջանառվող այն լուրերի մասին, թե իբր ԱՀ նախագահը համաձայնություն է տվել Աղդամով (Ակնայով) բեռների տեղափոխմանը՝ ընդդիմադիր պատգամավորը ընդգծեց, որ Արայիկ Հարությունյանը չի տվել ու չի էլ ցանկանա տալ համաձայնություն այդ առաջարկին։ «Որովհետեւ ինքն էլ է շատ լավ հասկանում, որ դա նշանակում է Արցախի սուբյեկտայնության իջեցում, իսկ մեծ հաշվով, Արցախի սուբեյկտայնության իջեցման կրողն ինքն է:

Այսինքն, այսօր Արցախի Հանրապետությունում ամենաշատն Արայիկը չի ցանկանա, որ ԱՀ-ն նախագահ չունենա: Դրա համար, ինքը կուզենա, որ Ակնայի ճանապարհը չբացվի, բայց ուզենալը եւ կարողանալը տարբեր բաներ են, քանի որ ինքը գտնվում է երկկողմանի ճնշումների տակ. մի կողմից՝ Արեւմուտք-Նիկոլ Փաշինյան-Ադրբեջան, մյուս կողմից՝ 120 հազար սոված ժողովուրդ»,- իրավիճակը պարզաբանեց ընդդիմադիր պատգամավորը: Նա նորից ընդգծեց, Արայիկ Հարությունյանը, համոզված եմ, ներքուստ կցանկանա, որ Արցախի սուբյեկտայնության աստիճանը ոչ թե իջեցնի, այլ մի բան էլ բարձրացնի:

«Միեւնույն ժամանակ, 120 հազար սոված ժողովրդի ճնշմանը դիմակայելն էլ է բարդ: Դրա համար, ինքը չի ասում՝ ես համաձայն եմ, կամ՝ համաձայն չեմ: Ասում է՝ եկեք ազգովի որոշենք»,- նկատեց Հակոբյանը:

  • Կիսվել: