ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
ԱՀ-ում մեկնարկել է պատերազմի հետևանքով կրած նյութական վնասների դիմաց պետական աջակցության տրամադրման դիմումների ընդունման գործընթացը

ԱՀ-ում մեկնարկել է պատերազմի հետևանքով կրած նյութական վնասների դիմաց պետական աջակցության տրամադրման դիմումների ընդունման գործընթացը

2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմական գործողությունների հետևանքով նյութական վնաս կրած ֆիզիկական և իրավաբանական անձինք պետական ֆինանսական աջակցության միջոցառման շահառու հանդիսանալու համար կարող են դիմել ԱՀ կադաստրի և պետական գույքի կառավարման կոմիտե։

Այս մասին հայտնեցին ԱՀ կադաստրի և պետական գույքի կառավարման կոմիտեից՝ մանրամասնելով, որ դիմումներն ընդունվում են հետևյալ գույքերի կորստի մասով (այսուհետ` աջակցության ուղղություններ).
 
1.հասարակական և արտադրական նշանակության շենք, շինություն.
 
2.ութից ոչ ավել, բացառությամբ վարորդի, նստատեղ ունեցող մարդատար ավտոմեքենա.
 
3.բեռնատար ավտոմեքենա, ինը և ավելի, բացառությամբ վարորդի, նստատեղ ունեցող մարդատար ավտոմեքենա, գյուղատնտեսական, շինարարական և հատուկ տեխնիկա.
 
4.հիմնական միջոցների հետևյալ տեսակներ (հարկային մարմնին հանձնած հաշվետվություններում արտացոլված)` կառուցվածքներ,փոխանցող հարմարանքներ, մեքենաներ, արտադրական սարքավորումներ, հոսքային գծեր, ռոբոտատեխնիկա, հաշվողական և համակարգչային տեխնիկա, արտադրական և տնտեսական գույք, գործիքներ, ինչպես նաև պաշարների հետևյալ տեսակներ` նյութեր, անավարտ արտադրություն, արտադրանք, ապրանքներ, արագամաշ առարկաներ (այսուհետ բոլորը միասին` նյութական ակտիվներ).
 
5.խոշոր և մանր եղջերավոր անասուններ, խոզ, մեղվաընտանիք.
 
6.պտղատու այգի և խաղողայգի:
 
Աջակցության ուղղություններից յուրաքանչյուրի մասով ներկայացվող փաստաթղթերի ցանկին քաղաքացիները կարող են ծանոթանալ ԱՀ կադաստրի և պետական գույքի կառավարման կոմիտեի պաշտոնական կայքէջի՝ http://nkrcadastre.am «Հայտարարություններ» բաժնից կամ կոմիտեի ֆեյսբուքյան էջի միջոցով:
 
Մեզ տեղեկացրեցին, որ դիմումներն ընդունվելու են աշխատանքային օրերին՝ ժամը 9:00-17:00֊ն, ք.Ստեփանակերտ, Սասունցի Դավիթ 15 հասցեով /Սոֆիա առևտրի կենտրոն/։
 
Ք.Երևանում՝ Վարդանանց 16/2 հասցեով /Վերնիսաժի հարևանությամբ/:
 
Դիմումների ընդունման ժամանակահատվածն է 03.06.2021-31.08.2021 ներառյալ:
 
Հեռախոսահամարներ՝ 047975199 , 047975190:

  • Կիսվել: