ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
ԱՀ պետնախարարը բարձր է գնահատել Արցախի կառավարության և «Ապագա հայկականը» նախաձեռնության համագործակցությունը

ԱՀ պետնախարարը բարձր է գնահատել Արցախի կառավարության և «Ապագա հայկականը» նախաձեռնության համագործակցությունը

Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը հուլիսի 6-ին Երևանում մասնակցել է «Ապագա Հայկականը» նախաձեռնության երկրորդ համաժողովին, որտեղ քննարկվել են Արցախի և Հայաստանի կայուն զարգացման հեռանկարները:

Պետական նախարարը բարձր է գնահատել Արցախի կառավարության և նախաձեռնության միջև առկա համագործակցությունը, ողջունել առաջին համաժողովն Արցախում կազմակերպելու փաստը, որը և՛ խորհրդանշական, և՛ կիրառական կարևոր նշանակություն ուներ:
«Արցախյան համաժողովն արդյունավետ էր ձևաչափի ու մեթոդաբանության տեսանկյուններից, քանի որ ներառականության սկզբունքի հիման վրա հասարակության տարբեր խմբերի ներկայացուցիչներ հնարավորություն ունեին ազատորեն իրենց կարծիքը արտահայտել իրավիճակի և ապագա լուծումների վերաբերյալ: Կարևոր էր նաև թեմայի ընտրությունը, որովհետև Արցախի երկարաժամկետ զարգացման համար կարևորագույն հենասյուներից մեկը ժողովրդագրությունն է, և այդ ուղղությամբ ևս համազգային համախմբման կարիք կա»,- նշել է Արտակ Բեգլարյանը:

Պետական նախարարը շեշտադրել է, որ Հայաստանի և ամբողջ հայության համար Արցախը բացառիկ նշանակություն ունի, և «Ապագա հայկականը» նախաձեռնությունը կարող է լինել արդյունավետ հարթակներից մեկը Արցախի անվտանգային, ժողովրդագրական, տնտեսական, կրթական և այլ ուղղություններով երկարաժամկետ զարգացման նպատակով հայկական ներուժի համախմբման համար:

  • Կիսվել: