կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
ԱՀ ՆԳ նախարարը հավաստիացրել է՝ նահատակված փրկարարների ընտանիքները միշտ լինելու են իր անմիջական հոգածության ներքո

ԱՀ ՆԳ նախարարը հավաստիացրել է՝ նահատակված փրկարարների ընտանիքները միշտ լինելու են իր անմիջական հոգածության ներքո

Այսօր փրկարար ծառայության ավագ լեյտենանտ Արայիկ Հակոբյանի հիշատակի օրն է, հայտնում են ԱՀ ՆԳՆ ԱԻՊԾ-ից:

ԱՀ Նախագահ Արայիկ Հարությունյանը՝ ՆԳ նախարար Կարեն Սարգսյանի, ԱՀ ԱԱԾ տնօրեն Աշոտ Հակոբջանյանի և ՆԳՆ համակարգի մի խումբ ծառայողների ուղեկցությամբ, այսօր «Եռաբլուր» զինվորական պանթեոնում հարգանքի տուրք է մատուցել Արայիկ Հակոբյանի և ռազմական գործողությունների ընթացքում անմահացած հերոսների հիշատակին:

Կարեն Սարգսյանը, ԱԻ պետական ծառայության տնօրեն Մեխակ Արզումանյանի, Արայիկի համածառայակից ու մարտական ընկերների հետ մեկտեղ զորակցություն է հայտնել Հակոբյանների ընտանիքին, հարազատներին ու մտերիմներին:

ՆԳ նախարարը ևս մեկ անգամ հավաստիացրել է, որ հայրենիքի պաշտպանության համար նահատակված փրկարարների ընտանիքներն անխոս, միշտ լինելու են իր անմիջական հոգածության ներքո և նախարարության ուշադրության կենտրոնում:

Ներկաները ծաղիկներ են խոնարհել և խնկարկել Ա.Հակոբյանի շիրմաքարին:

Արայիկ Պարգևի Հակոբյան

Ծնվել է 1980 թվականի դեկտեմբերի 8-ին՝ Շուշի քաղաքում:

2002 թվականի մայիսի 20-ին ծառայության է ընդունվել Շուշիի շրջանային հրշեջ փրկարար մասում:

2007 թվականի հունվարի 1-ին նշանակվել է Շուշիի շրջանի հրշեջ փրկարար մասի ջոկի հրամանատարի պաշտոնին, այնուհետև նույն բաժնի հրշեջ փրկարարական մասի 3-րդ պահակախմբի պետի պաշտոնին՝ ավագ լեյտենանտի կոչումով:

2020 թվականի սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ սկսված լայնածավալ մարտական գործողությունների ընթացքում՝ Արայիկ Հակոբյանը ԱԻՊԾ համահավաք գումարտակի անձնակազմի հետ միասին մասնակցել է հայրենիքի փրկության համար մղված մարտերին:

Զոհվել է 2020 թվականի նոյեմբերի 6-ին՝ հարազատ քաղաքի պաշտպանության համար մղված թեժ մարտերում:

Ամուսնացած է, ունի 1 որդի, 2 դուստր:

Փրկարարական աշխատանքներում ցուցաբերած անձնական խիզախության, կյանքին սպառնացող վտանգի պայմաններում ծառայողական պարտքը կատարելու համար Ա.Հակոբյանը

ԱՀ նախագահի հրամանագրով հետմահու պարգևատրվել է «Արիություն» մեդալով:

Հանգչում է Երևանի «Եռաբլուր» զինվորական պանթեոնում:

 

  • Կիսվել: