երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
ԱՀ նախագահը հանդիպել է Ստեփանակերտի քաղաքապետարանի աշխատակազմի պատասխանատուների հետ

ԱՀ նախագահը հանդիպել է Ստեփանակերտի քաղաքապետարանի աշխատակազմի պատասխանատուների հետ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ապրիլի 25-ին հանդիպել է Ստեփանակերտի քաղաքապետարանի աշխատակազմի պատասխանատուների և քաղաքապետարանի ենթակայությամբ գործող մի շարք կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։

Ինչպես հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, կարևորելով քաղաքային իշխանությունների հետ փոխգործակցված աշխատանքը՝ երկրի ղեկավարը նշել է, որ, ինչպես Արցախի բոլոր համայնքների, այնպես էլ Ստեփանակերտի կենսագործունեության ապահովման հարցերը մշտապես գտնվում են պետության ուշադրության կենտրոնում։ Այս համատեքստում ԱՀ նախագահն ընդգծել է, որ կառավարությունը շարունակելու է պետական բյուջեից միջոցներ հատկացնել մայրաքաղաքում նախանշված ծրագրերը կյանքի կոչելու համար, որոնցից ամենակարևորը Ստեփանակերտի ջրամատակարարման համակարգի կարողությունների բարելավման ուղղությամբ գործադրվող ջանքերն են, ինչի արդյունքում ամռանը բնակիչները խմելու ջրի խնդիր չեն ունենա:
 
Անդրադառնալով ղարաբաղյան հիմնախնդրի ներկա փուլին՝ Նախագահը շեշտել է, որ Արցախի Հանրապետության իշխանությունները հավատարիմ են մնում ազատ և անկախ պետականության համար պայքարին՝ ընդգծելով, որ կարգավիճակի հետ կապված ցանկացած որոշում պետք է կայացվի Հանրապետության իշխանությունների և ժողովրդի համաձայնությամբ:

  • Կիսվել: