շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
ԱՀ նախագահը Երևանում մասնակցել է ԱԽ նիստին և նորից փաստել՝ այս պահին Արցախի կարգավիճակի առնչությանբ որևէ թուղթ չի քննարկվում

ԱՀ նախագահը Երևանում մասնակցել է ԱԽ նիստին և նորից փաստել՝ այս պահին Արցախի կարգավիճակի առնչությանբ որևէ թուղթ չի քննարկվում

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը Երևանում մասնակցել է Անվտանգության Խորհուրդի նիստին։ Նիստից հետո նա տեղեկացրել է, որ Հայաստանի իշխանությունները մեկ անգամ ևս հավաստել են, որ Արցախի վերաբերյալ որևէ փաստաթուղթ առանց արցախցիների կարծիքը հաշվի առնելու չի ստորագրվի։ Այս առնչությամբ ԱՀ նախագահը, մասնավորապես, գրել է.

«Հարգելի՛ հայրենակիցներ

Ինչպես արդեն տեղյակ եք, այսօր գտնվում եմ Երևանում՝ Արցախի հարցով ՀՀ իշխանությունների հետ քաղաքական խորհրդակցություններ անցկացնելու նպատակով։

Հայտնում եմ, որ այդ նպատակով մասնակցել եմ ՀՀ Անվտանգության խորհրդի նիստին։ Տեղի ունեցած քննարկումներից հետո ցանկանում եմ մեկ անգամ ևս արձանագրել, որ այս փուլում Արցախի կարգավիճակի հետ կապված որևէ փաստաթուղթ չի քննարկվում։

ՀՀ մեր գործընկերներին ուղղված իմ խոսքում բառացիորեն փոխանցել եմ բոլորիս մտահոգությունները՝ ընդգծելով, որ ոչ մի փաստաթուղթ չի կարող ստորադասել մեր ժողովրդի ազատ և ինքնիշխան ապրելու իրավունքն ու ձգտումները։ ՀՀ իշխանությունները վերահաստատել են, որ առանց Արցախի իշխանությունների հետ քննարկելու և մեր ժողովրդի կարծիքը հաշվի առնելու Արցախին առնչվող որևէ փաստաթուղթ չի ստորագրվելու:

ԱՀ Ազգային ժողովի պատվիրակությունը ևս, գտնվելով Երևանում, շարունակելու է քաղաքական խորհրդակցությունները ՀՀ արտաքին գործերի նախարարի, ԱԺ նախագահի և քաղաքական դաշտի այլ դերակատարների հետ»։

  • Կիսվել: