երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
ԱՀ նախագահի խորհրդականը ներկա է գտնվել ՀԱԵ Գերմանահայոց թեմի պատգամավորական ժողովին

ԱՀ նախագահի խորհրդականը ներկա է գտնվել ՀԱԵ Գերմանահայոց թեմի պատգամավորական ժողովին

Արցախի Հանրապետության նախագահի՝ Սփյուռքի հարցերով խորհրդական Ազատուհի Սիմոնյանը, ով աշխատանքային այցով գտնվում է Գերմանիայում, Քյոլնում ներկա է գտնվել  Հայ Առաքելական եկեղեցու Գերմանահայոց թեմի առաջնորդարանում կայացած թեմի պատգամավորական ժողովին:

Այս մասին հայտնել է Ազատուհի Սիմոնյանը, Ֆեյսբուքի իր էջում կատարած գրառման մեջ անդրադառնալով Արցախի Հանրապետության նախագաի խորհրդական Լուսինե Ղարախանյանի հետ Գերմանիա կատարած աշխատանքային այցի շրջանակներում ունեցած հանդիպումներին:
«Գերմանիայի հայկական համայնքներ ունեցած այցի հերթական հանդիպման կանգառը՝ ի թիվս Շտուտգարդի, Հանաուի և Բրեմենի, Քյոլն քաղաքն էր, ուր գտնվում է նաև ՀԱԵ Մայր Աթոռ սբ. Էջմիածնի Գերմանահայոց թեմի առաջնորդարանը:
 
Առիթ ունեցանք ներկա գտնվելու Առաջնորդարանում ընթացող թեմի պատգամավորական ժողովին, որին ներկա էր նաև թեմական խորհուրդը, հոգևորական ողջ դասը՝ Սրբազան հոր՝ Տեր Սերովբե եպիսկոպոս Իսախանյանի առաջնորդությամբ:
 
Քյոլնի Սբ. Սահակ-Մեսրոպ Առաջնորդանիստ մայր եկեղեցում տեղի ունեցավ Քյոլնի հայ համայնքի և թեմական-պատգամավորական ժողովի անդամների հետ հանդիպումը, ուր Լուսինե Ղարախանյանի հետ միասին հանդես եկանք զեկույցով:
 
Առիթ ունեցանք նաև շփվելու գերմանահայ մյուս համայնքների ղեկավարների և պատգամավորական ժողովի պատգամավորների հետ:
 
Առաջնորդարանում հանդիպեցինք Գերմանահայ կենտրոնական խորհրդի ղեկավար կազմի՝ նախագահ Հովնաթան Սփանենբերգի ու գանձապահ Սամվել Լուլակյանի հետ, Գերմանահայ գործարարների միության վարչության և նախագահ Մուրադ Աքյուզի հետ, Պատգամավորական ժողովի ատենապետ Դր. պրոֆ. Խաչիկ Գազերի, Գերմանիայի թեմի թեմական խորհրդի ատենապետ Օրհան Բարլիքի հետ :
 
Հարցազրույց ունեցանք գերմանախոս երկրներում տպագրվող միակ հայկական տպագիր մամուլի «Հայ-գերմանական թղթակցություն» եռամսյա պաշտոնաթերթի խմբագիր պրն. Րաֆֆի Քանթյանի հետ:
 
Գերմանիայիում հայությունը ապրում է ցրված, այնուամենայնիվ Հայ Առաքելական Եկեղեցու Գերմանիայի հայոց թեմի շուրջ համախմբվել և ձևավորվել են կազմակերպված հայ համայնքներ, որտեղ թեմի փոքրաթիվ հոգևորական դասը հսկայական ծառայություն է մատուցում ՝ իր ուսերին կրելով հայապահպանության, կիրակնօրյա դպրոցների, պատարագների, եկեղեցական արարողությունների և պարզապես հայության համամբողի ու միավորողի առաքելությունը:
 
Գերմանիայի հայ համայնքում կա մարդկային ու մտավոր հսկայական ռեսուրս, ունենք իրենց բնագավառներոմ հաջողությունների հասած տարբեր մասնագետներ, որոնք ապրում են հայրենիքի օրակարգով»,-նշել է Ազատուհի Սիմոնյանը՝ հավելելով, որ առաջիկայում կշարունակի անդրադառնալ Գերմանահայ համայնքի հետ շփումներին ու աշխատանքին:

  • Կիսվել: