շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
ԱՀ ՄԻՊ-ը հանդիպել է ադրբեջանցիների ուղղությամբ նռնակ նետած քաղաքացուն

ԱՀ ՄԻՊ-ը հանդիպել է ադրբեջանցիների ուղղությամբ նռնակ նետած քաղաքացուն

Ռուսական խաղաղապահ զորակազմի մոտ գտնվող Արցախի Հանրապետության քաղաքացին փոխանցվել է Արցախի իրավապահներին։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱՀ ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը՝ նշելով, որ հանդիպել է այդ քաղաքացուն:

՛՛Քիչ առաջ ԱՀ քննչական կոմիտեում հանդիպել եմ քաղաքացուն, ծանոթացել դեպքի հանգամանքներին։ Քաղաքացին կապ է հաստատել հարազատների հետ։
Արձանագրված միջադեպի հանգամանքներն ուսումնասիրելու գործողություններն իրականացվելու են Արցախի Հանրապետության իրավապահ մարմինների կողմից՝ ապահովելով քաղաքացու բոլոր իրավունքներն ու օրինական շահերը։ Այս հարցում ՄԻՊ գրասենյակը իր իրավասությունների շրջանակներում իրականացնելու է բոլոր անհրաժեշտ գործողությունները։

Այսօրվա միջադեպը պետք է դիտարկել 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո ստեղծված իրավիճակի՝ հրադադարի հաստատումից ի վեր մեկ տարվա ընթացքում Արցախի ժողովրդի նկատմամբ ադրբեջանական կողմի հանցանքերն անպատիժ թողնելու, Արցախի ժողովրդի իրավունքների պարբերաբար ու նպատակային խախտումների և ժողովրդին հոգեբանական ահաբեկման ենթարկելու ամբողջական համատեքստում՛՛,-նշել է նա։

Հիշեցնենք, որ այսօր վաղ առավոտյան Ստեփանակերտ-Բերձոր միջպետական ճանապարհին, Շուշիի քաղաքի անցակետի մոտ, ադրբեջանցի զինծառայողների սադրիչ գործողություններին ի պատասխան անհայտ անձը պայթուցիկ սարք է նետել անցակետի հատվածում, որից հետո Ստեփանակերտ-Շուշի-Բերձոր միջպետական ճանապարհը երկկողմանի փակվել էր։ Արցախի Հանրապետության իրավապահ մարմինները ռուսական խաղաղապահ զորակազմի հետ մեկտեղ դեպքի հանգամանքները պարզելու նպատակով իրականացնում են համապատասխան օպերատիվ-հետախուզական և քրեադատավարական միջոցառումներ: Այս մասին փոխանցում է ԱՀ ԱԱԾ-ն։
 

Նշենք նաեւ, որ քննչական կոմիտեն հայտնել էր, որ 2021թ. նոյեմբերի 13-ին՝ ժամը 07:00-ի սահմաններում, Ադրբեջանի Հանրապետության զինծառայողի կողմից ակնհայտ սադրանքի հետևանքով տեղի ունեցած դեպքի առթիվ ԱՀ քննչական կոմիտեում հարուցվել է քրեական գործ:

  • Կիսվել: