կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
ԱՀ Մարտունու շրջանի Խերխան համայնքում ենթակառուցվածքային աշխատանքներ են նախատեսվում. առօրյան ու խնդիրները ներկայացնում է համայնքապետը

ԱՀ Մարտունու շրջանի Խերխան համայնքում ենթակառուցվածքային աշխատանքներ են նախատեսվում. առօրյան ու խնդիրները ներկայացնում է համայնքապետը

ԱՀ Մարտունու շրջանի Խերխան համայնքը 128 բնակիչ ունի. պատերազմից հետո գյուղից հեռացողներ չեն եղել:

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Խերխանի համայնքապետ Գրիշա Կարապետյանը:

«Գյուղում տեղահանված ընտանիքներ չեն հաստատվել, բայց ազատ բնակֆոնդում 18 տուն ունենք, որոնք վերանորոգումից հետո սիրով կտրամադրենք այդ ընտանիքներին: Գյուղում գործում են համայնքապետարան, բուժկետ, ակումբ, որոնց շենքերը ևս վերանորոգման կարիք ունեն: Այդ աշխատանքներն, ըստ ծրագրվածի, կմեկնարկեն 2022թ.֊ին: Դպրոցը 15 աշակերտ ունի։ Մանկապարտեզ չի գործում, սակայն նախադպրոցական տարիքի 18 երեխա կա, և լավ կլիներ, որ երեխաները մանկապարտեզ հաճախեին: Գյուղն ապահովված է էլեկտրաէներգիայով, գազաֆիկացված չէ: Երկու աղբյուր ունենք, ինչը լուծում է ջրի խնդիրը»,- ներկայացրել է համայնքապետը՝ հավելելով, որ թե՛ դպրոցի շենքը, թե՛ ներհամայնքային ճամապարհները պետք է վերանորոգվեն։

Մեր զրուցակիցը ցավով է նշել, որ Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում համայնքը 3 զոհ է տվել, 1 համագյուղացու ճակատագիրն էլ մինչ օրս անհայտ է մնում։

«Բնակիչները, միևնույն է, պայքարի, ապրելու, արարելու ոգի ունեն,֊ ասում է Գ. Հայրապետյանը,֊ նրանք հողն են մշակում, անասնապահությամբ են զբաղվում ու շարունակում աղոթել գյուղի՝ 19֊րդ դարում կառուցված Սուրբ Գևորգ եկեղեցում»։

  • Կիսվել: