հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարարը պաշտոնավարման ավարտի կապակցությամբ ուղերձ է հղել

ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարարը պաշտոնավարման ավարտի կապակցությամբ ուղերձ է հղել

Վերջին տարիներին ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարարի պաշտոնը զբաղեցրած Նարինե Աղբալյանը ուսումնական տարվա և իր պաշտոնավարման ավարտի կապակցությամբ ուղերձով դիմել է հանրությանը:
 
«Ավարտվում է 2019-2020 ուսումնական տարին։ Ավարտվում է՝ բոլորիս համար անսովոր պայմաններում։ Նոր կորանավիրուսի համավարակը որպես աննախադեպ փորձություն ծառացավ բոլորիս առջև՝ ստիպելով փնտրել ու գտնել ելք՝ ուսուցման գործընթացը չընդհատելու՝ մեր երեխաներին անուսում չթողնելու համար»,- ասված է ուղերձում:
Նա նշել է, որ ստեղծված իրավիճակը լուրջ մարտահրավեր էր նաև կրթության ոլորտի պատասխանատուների համար.
 
«Բոլորս միասին հանձնեցինք ամենակարևոր քննություններից մեկը՝ արտակարգ իրավիճակում ճիշտ կողմնորոշվելու և գործելու քննությունը։ Վստահ եմ, որ նոր գիտելիքները, հմտություններն ու կարողությունները, որ ձեռք բերեցինք վերջին երեք ամիսներին, օգնելու են յուրաքանչյուրիս՝ մեր հետագա կյանքի ճանապարհին»։
Շրջանավարտներին դիմելով էլ Աղբալյանը նշել է, որ գիտի՝ երկար են սպասել Վերջին զանգի արարողությանը: Նա ափսոսանք է հայտնել, որ այդ օրով պայմանավորված նրանց երազանքը կիսատ մնաց։ Աղբալյանն իր ուղերձում ընդգծել է, որ  ուսումնական տարվա ավարտը համընկել է երկրում իշխանափոխության հետ:
«Համավարակի բարդ պայմաններում, ձեզ հետ միասին պատվով հաղթահարեցինք ևս մեկ փորձություն՝ Արցախի Հանրապետությունում համապետական ընտրությունների կազմակերպումը, որի արդյունքում մեր երկրում ընտրվեց նոր նախագահ և ձևավորվեց նոր խորհրդարան։ Սահմանադրությանը համապատասխան, ընթացքի մեջ է նոր կառավարության ձևավորման գործընթացը։ Դրանով պայմանավորված ավարտվում է նաև իմ՝ որպես Արցախի Հանրապետության կրթության, գիտության և սպորտի նախարարի պաշտոնավարման ժամկետը»։
Նա նաև շնորհավորել է Արցախի Հանրապետության նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանին և Արցախի Հանրապետության 7-րդ գումարման Ազգային ժողովի բոլոր պատգամավորներին, խորհրդարանի նորընտիր նախագահ Արթուր Թովմասյանի գլխավորությամբ՝ նոր պաշտոնները ստանձնելու կապակցությամբ։

  • Կիսվել: