ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
ԱՀ ԿԳՄՍ նախարարը պաշտոնավարման 100 օրվա կապակցությամբ հանդես է եկել մամուլի ասուլիսով

ԱՀ ԿԳՄՍ նախարարը պաշտոնավարման 100 օրվա կապակցությամբ հանդես է եկել մամուլի ասուլիսով

Այսօր՝ մայիսի 26-ին, Ստեփանակերտի Մշակույթի և երիտասարդության պալատում կայացել է ԱՀ ԿԳՄՍ նախարար Անահիտ Հակոբյանի մամուլի ասուլիսը՝ պաշտոնավարման 100 օրվա կապակցությամբ:

Նախարարը ներկայացրել է պաշտոնավարման ժամանակահատվածում նախանշված ծրագրերը, նպատակները, ընթացիկ ու նախատեսված, պլանավորված աշխատանքները: «Բոլորս գիտենք, որ մարդը բարձրագույն արժեք է, և այդ բարձրագույն արժեքին է միտված մեր պետության քաղաքականության ցանկացած ոլորտ:

ԱՀ ԿԳՄՍ նախարարության կարևորագույն նպատակը համակողմանի զարգացած, դաստիարակված, բոլոր առումներով պատրաստված ԱՀ քաղաքացի կրթելն ու դաստիարակելն է, որին էլ ուղղված է մեր գործելաոճը»,-ասել է Ա. Հակոբյանը:

Նախարարը նշել է, որ ծրագրված է կրթության բոլոր ոլորտներում իրականացնել որոշակի բարեփոխումներ:

«Մեր նախադպրոցական կրթական համակարգը այս պահի դրությամբ լիովին չի բավարարում մեր հասարակության պահանջները: Շրջանառվում է նախադպրոցական կրթության օրենքի փոփոխված տարբերակը, որն այս պահի դրությամբ հաստատված չէ: Հաստատվելու դեպքում` այն կկարողանա լիովին լրացնել մեր հասարակության մեջ առկա բոլոր բացթողումները, որոնք կապված են պատերազմի հետ, որովհետև որոշ ուսումնական հաստատություններ տուժել են պատերազմական գործողությունների ընթացքում, և հնարավոր չի եղել վերագործարկել նախադպրոցական հաստատությունները` թե´ շենքային պայմանների, թե´ սննդի ապահովման առումներով: Մենք չենք կարողացել վերագործարկել այդ ուսումնական հաստատություններում նախադպրոցական խմբերն ու մանկապարտեզները, բայց այդ ուղղությամբ աշխատանքներ տարվում են»,-նշել է Ա. Հակոբյանը:

Նա ընդգծել է, որ նախադպրոցական խմբերը գործում են ոչ լիարժեք, կան մասնակի թերթություններ:

«Բազմաթիվ աշխատանքներ են կատարվել նախադպրոցական համակարգը պատշաճ մակարդակի բերելու ուղղությամբ: Իրականացվում է 9-ժամյա և 6-ժամյա նախադպրոցական կրթություն ուսումնական հաստատություններում: Այն բավարարում է տվյալ ուսումնական տարում մինչև դեկտեմբերի 31-ը հինգ տարին լրացած երեխաների ապահովման խնդիրը»,-ասել է նախարարը:

Նա անդրադարձել է մայրաքաղաքի` պատերազմից տուժած Ավ. Իսահակյանի անվան համար 10 հիմնական դպրոցում ընթացող շինաշխատանքներին և տեղեկացրել, որ մոտ օրերս կդադարեցվի ուսումնական հաստատության նախադպրոցական սեկտորի աշխատանքը` պայմանավորված շենքային բարենպաստ պայմանների ստեղծման գործընթացով:

  • Կիսվել: