շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
ԱՀ ԿԳՄՍ նախարարն աշխատանքային այցով Ֆրանսիայում է

ԱՀ ԿԳՄՍ նախարարն աշխատանքային այցով Ֆրանսիայում է

Սեպտեմբերի 2-ին Ֆրանսիայի Լիոն քաղաքի Օվերն-Ռոն-Ալպ շրջանի նախագահ Լորան Վոքիեն ընդունել է Արցախի պատվիրակությանը, որի կազմում էին ԱՀ ԿԳՄՍ նախարար Անահիտ Հակոբյանը, ԱՀ ՏԿԵ նախարար Հայկ Խանումյանը և Ֆրանսիայում Արցախի մշտական ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանը։

Այս մասին տեղեկացնում են ԱՀ ԿԳՄ նախարարությունից: Աղբյուրի փոխանցմամբ՝ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Արցախում ստեղծված իրավիճակը։ Ա. Հակոբյանը ներկայացրել է Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված հայկական պատմամշակութային ժառանգությանը սպառնացող վտանգներն ու պատերազմի հետևանքով առաջացած կրթամշակութային խնդիրները։

ԿԳՄՍ նախարարը Լորան Վոքիեին է նվիրել Ամարասի վանքի պատկերով խորհրդանշական նվեր։

Հանդիպումից հետո Արցախի պատվիրակության համար շրջայց է կազմակերպվել Լիոնի ԹՈՒՄՈ կենտրոնում, որին հաջորդել է Արցախի պետական կամերային նվագախմբի համերգը։ Այն կազմակերպվել է Օվերն-Ռոն-Ալպ շրջանի ղեկավարի նախաձեռնությամբ՝ ԱՀ անկախության 31-րդ տարեդարձին նվիրված։

Համերգի ավարտին Լորան Վոքիեն իր գոհունակությունն է հայտնել՝ նշելով, որ Արցախի կամերային նվագախումբը հիացրել է հանդիսատեսին։

  • Կիսվել: