ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
ԱՀ գլխավոր դատախազությունը պարզաբանել է Ստեփանակերտում գտնվող շենքերից մեկը Բակո Սահակյանին օտարելու մասին լուրերը

ԱՀ գլխավոր դատախազությունը պարզաբանել է Ստեփանակերտում գտնվող շենքերից մեկը Բակո Սահակյանին օտարելու մասին լուրերը

 Վերջերս սոցիալական ցանցերով և հանրության շրջանում տեղեկություններ էին տարածվել այն մասին, որ Ստեփանակերտ քաղաքի Ս.Դավթի փողոցի թիվ 2 հասցեում տեղակայված շենքը (հանրության շրջանում հայտնի է «Արցախբանկի նախկին շենք» անվանումով) պետության կողմից օտարվել էր ԱՀ երրորդ նախագահին, որից հետո նորից հատուցմամբ վարձակալվել:

Վերոգրյալի կապակցությամբ ԱՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության բաժնի կողմից նախաձեռնվել է ստուգում, որի շրջանակում կատարված ուսումնասիրությամբ և կադաստրային փաստաթղթերի հետազոտությամբ պարզվել է հետևյալը. -1998թ. փետրվարի 11-ին Ստեփանակերտ քաղաքի վարչակազմի թիվ 71 որոշման համաձայն՝ կցակառույցի շինարարության նպատակով վարձակալական հիմունքներով ԼՂՀ Արցախբանկին հատկացվել է 510 քառակուսի մետր հողամաս:

-ԼՂՀ կառավարության թիվ 5 առ 26.01.1999թ. որոշմամբ ԼՂՀ ֆինանսների նախարարությանը թույլատրվել էր նրա հաշվեկշռում գտնվող՝ Ստեփանակերտ քաղաքի Սասունցի Դավթի փողոցում տեղակայված քարե երկհարկանի շենքը (641.22 քառակուսի մետր մակերեսով) 24.820.000 դրամով օտարել ԼՂՀ Ազգային բանկ Արցախբանկին, որից հետո 29.05.2000թ. անշարժ գույքի կադաստրի պետական մարմնում գրանցվել է վերջինի սեփականության իրավունքը:

-28.04.2005թ. հիշյալ գույքը սեփականատիրոջ կողմից օտարվել է օտարերկրյա ներդրողի հիմնադրած «Ս.Ա.» ՓԲ ընկերությանը (անվանումը կրճատվել է մեր կողմից), որի սեփականության իրավունքը անշարժ գույքի կադաստրի պետական մարմնում գրանցվել էր 24.05.2005թ.: -03.06.2020թ.

«Ս.Ա.» ՓԲ ընկերության կողմից նշված անշարժ գույքը վաճառվել է ֆիզիկական անձ Ղ.Մ.-ին: Հատկանշական է, որ վերոհիշյալ գույքի գնման համար Արցախի Հանրապետության պետական բյուջեից և ԱՀ-ում գործող հիմնադրամների կողմից գումար չէր տրամադրվել, որևէ վարկային պայմանագրով նախատեսված տոկոսադրույքի սուբսիդավորում չէր իրականացվել:

-18.01.2022թ. ֆիզիկական անձ Ղ.Մ.-ի և «ԱՀ բնակարանային կոմիտեի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի միջև կնքված գույքի անհատույց օգտագործման պայմանագրի հիման վրա հիշյալ գույքի նկատմամբ 21.01.2022թ. անշարժ գույքի կադաստրի պետական մարմնում գրանցվել է նշված կառավարչական հիմնարկի անհատույց օգտագործման իրավունքը՝ անորոշ ժամկետով: Այսպիսով՝ կատարված ուսումնասիրության արդյունքներով պարզվել է, որ Ստեփանակերտ քաղաքի Ս.Դավթի փողոցի թիվ 2 հասցեում տեղակայված շենքը 2005թ.-ից պետական սեփականություն չի հանդիսանում, վերջին օտարման գործընթացը տեղի էր ունեցել 2020թ. հունիս ամսում՝ իրավաբանական ու ֆիզիկական անձանց միջև, իսկ դրանից հետո պետական մարմնի հետ կնքված պայմանագրի հիման վրա պետությունը ձեռք էր բերել անհատույց օգտագործման իրավունք՝ անորոշ ժամկետով:

  • Կիսվել: