ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
ԱՀ գլխավոր դատախազն այցելել է Խրամորթում, տեղում ծանոթացել ստեղծված իրավիճակին (տեսանյութ)

ԱՀ գլխավոր դատախազն այցելել է Խրամորթում, տեղում ծանոթացել ստեղծված իրավիճակին (տեսանյութ)

Այսօր Արցախի Հանրապետության գլխավոր դատախազ Գուրգեն Ներսիսյանը այցելել է Ասկերանի շրջանի Խրամորթ համայնք և շրջանի վարչակազմի ղեկավարի ու այլ պաշտոնատար անձանց հետ միասին հանդիպել համայնքի բնակիչների հետ, լսել նրանց մտահոգություններն ու դրանք փարատելուն ուղղված առաջարկները:

Ինչպես հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից,  համայնքի ղեկավարի ուղեկցությամբ գլխավոր դատախազը շրջել է գյուղի անվտանգության ապահովման համար նշանակություն ունեցող հատվածներում, դիտարկել տեղանքը:
 
Կատարված ուսումնասիրությունը ցույց է տվել, որ համայնքի հարևանությամբ տեղակայված ադրբեջանական մարտական դիրքերը ուղիղ սպառնալիք են բնակչության խաղաղ գոյակցությանը, այդ հատվածներից բազմակի անգամ կրակահերթեր են արձակվել գյուղատնտեսական նշանակության և այլ աշխատանքներ կատարող անձանց ուղղությամբ, իսկ վերջին օրերին հրազենի գործադրմամբ զուգորդված ահաբեկչական գործողություններին գումարվել է նաև հոգեբանական ակտիվ ճնշումը՝ շարժական բարձրախոսի միջոցով բնակչությանն ուղղված սպառնալիքների հնչեցման տեսքով: Խաղաղ բնակիչներին ուղղված՝ բարձրախոսով ներկայացվող հայտարարությունները պարունակում են «տարածքը լքելու, ադրբեջանական օրենքներին ենթարկվելու, ուժ կիրառելու սպառնալիքներե: Հատկանշական է, որ թեև հիշյալ հայտարարությունները հիմա դիտարկվում են որպես սոսկ սպառնալիքներ, այդուհանդերձ ադրբեջանական կողմի ձեռագիրն ու վարքագիծը թույլ է տալիս եզրահանգելու, որ մեծ է դրանք իրագործելու վտանգը, իսկ դա ավելի է ընդգծում բնակչությանը պաշտպանելու՝ պետությանը հասանելի բոլոր գործիքներն ու միջոցները կիրառելու անհրաժեշտությունը:
 
Քննարկման արդյունքում համայնքի բնակիչների կողմից գլխավոր դատախազին են ներկայացվել անվտանգության ապահովման համար անհրաժեշտ երաշխիքների վերաբերյալ առաջարկներ, որոնք առաջիկայում կներկայացվեն համապատասխան մարմիններին, ինչպես նաև ռուսական խաղաղապահ ուժերի զորակազմում ընդգրկված դատախազին:
 
Ավելի վաղ հայտնել էինք, որ Ադրբեջանցիներն Արցախի Խրամորթ գյուղի բնակիչներից հայերենով պահանջել են լքել տները:
 

 

 

 

  • Կիսվել: