չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
ԱՀ էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարար Արմեն Թովմասյանի ամանորյա ուղերձը գյուղոլորտի ներկայացուցիչների

ԱՀ էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարար Արմեն Թովմասյանի ամանորյա ուղերձը գյուղոլորտի ներկայացուցիչների

ԱՀ էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարար Արմեն Թովմասյանն ամանորյա ուղերձ է հղել գյուղոլորտի ներկայացուցիչներին։

«Հարգելի գործընկերներ,

Պատմության գիրկն է անցնում 2021 թվականը՝ քրտնաջան աշխատանքի և արարման ևս մեկ տարի:

Արցախի տնտեսության կարևորագույն ճյուղ հանդիսացող մեր բնագավառի համար այն նշանավորվեց որպես աննախադեպ մարտահրավերների դիմակայման և բնագավառի զարգացման համար մեր հետագա ռազմավարության հիմնական կետերի ուղենշման տարի:

Գալիք տարում մենք կշարունակենք հետևողական աշխատանքն Արցախի տնտեսության զարգացման ուղղությամբ: Մեր գլխավոր խնդիրներից կլինեն ներկա իրողության մեջ գյուղատնտեսության ճյուղերի համաչափ զարգացման ապահովումը, տեղական արտադրողների հետ համակարգված շփումների և փոխգործակցության ամրապնդումը, Արցախում նորարարական նախագծերի իրագործման խթանումը:

Այդու, մենք պարտավոր ենք լինել էլ ավելի հետևողական, նպատակասլաց ու բարեխիղճ մեր պարտականությունների նկատմամբ, անդադար զարգացնել ունեցած գիտելիքները և ունակությունները՝ ծառայեցնելով դրանք մեր հայրենիքի շենացմանը և հզորացմանը: Արդյունքում, լիահույս եմ, 2022-ը մեր ոլորտի համար կդառնա առաջընթացի և նոր ձեռքբերումների տարի:

Հարգելի հայրենակիցներ, շնորհավորում եմ ձեզ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ: Մաղթում եմ խաղաղություն, շարունակական հաջողություններ աշխատանքում և ամենուր»,- ասվում է ուղերձում։

  • Կիսվել: