հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
ԱՀ դատախազության պարզաբանումը՝ Արցախի ներկայացուցչության աշխատակցի ենթադրյալ դավաճանության դեպքի վերաբերյալ

ԱՀ դատախազության պարզաբանումը՝ Արցախի ներկայացուցչության աշխատակցի ենթադրյալ դավաճանության դեպքի վերաբերյալ

Արցախի Հանրապետության դատախազությունը պարզաբանում է տարածել Հայաստանի Հանրապետությունում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության աշխատակից Ա․Հ․-ի կողմից պետական դավաճանություն կատարելու ենթադրյալ դեպքի առթիվ:

«Ս․թ․ հոկտեմբերի 31-ին Արցախի Հանրապետության դատախազության տարածած հաղորդագրությունը (https://bit.ly/3zBU7AH) լրատվամիջոցներում ստացել էր լայն արձագանք և դրա շուրջ տարածվել էին տարբեր բնույթի մեկնաբանություններ, այդ պատճառով ՀՀ-ում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչությունը անհրաժեշտ է համարում տրամադրելու հավելյալ պարզաբանում։

Դատախազության կողմից հրապարակված տեղեկությունը վերաբերում է 2022թ. մայիսի 25-ին Հայաստանի Հանրապետությունում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության աշխատակից Ա․Հ․-ի կողմից պետական դավաճանություն կատարելու ենթադրյալ դեպքի առթիվ ԱՀ ազգային անվտանգության ծառայության կողմից հարուցված քրեական գործին, որի նախաքննության ավարտի ու մեղադրական եզրակացությամբ դատախազություն ուղարկելու մասին հաղորդել էր նաև ԱՀ Քննչական կոմիտեն։

Ցանկանում ենք իրազեկել նաև, որ գործունեության բնույթը և առանձնահատկությունները հաշվի առնելով՝ Ներկայացուցչությունը ձեռնարկել ու շարունակաբար ձեռնարկում է բոլոր միջոցները Արցախի Հանրապետության ներքին ու արտաքին անվտանգությանը սպառնացող երևույթները վեր հանելու, չեզոքացնելու կամ դրանք կանխելու ուղղությամբ: Իրավապահ մարմինների կողմից հայտարարված դեպքը նույնպես բացառություն չէ, որի բացահայտման ու դեպքի բոլոր հանգամանքների հանգամանալից հետազոտությանն իր անմիջական մասնակցությունն է ունեցել նաև Ներկայացուցչությունը՝ իրավապահ մարմինների հետ ապահովելով պատշաճ համագործակցություն»,- ասվում է հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: