ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
ԱՀ ԱԺ-ում կազմակերպվեց քննարկում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացման թեմայով

ԱՀ ԱԺ-ում կազմակերպվեց քննարկում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացման թեմայով

Այսօր՝ հուլիսի 6-ին, Ազգային ժողովում կազմակերպվեց քննարկում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացման թեմայով:
 
Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցին հայտնեցին ԱՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժնից՝ հավելելով, որ նախաձեռնությունը ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանն էր պատկանում. քննարկմանը ներկա էր նախարար Հայկ Խանումյանը:
 
Արցախի Հանրապետությունում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացմանն ուղղված 2021 թվականի պետական աջակցության ծրագիրը ներկայացրեց տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Սմբատ Պետրոսյանը:
 
Նա նախ անդրադարձավ 6-12 ամսվա կտրվածքով կարճաժամկետ ծրագրին, որը նախատեսվում է իրականացնել Մարտունիում, Մարտակերտում և Ասկերանում: Ծրագրի նպատակը ՏՏ ոլորտում աշխատուժի ստեղծումն ու մասնագետներին աշխատանքով ապահովելն է: Պետական ֆինանասավորմամբ նախատեսվում է մասնագիտական դասընթացների կազմակերպում, գրասենյակների կահավորում, աշխատանքային պայմանների ստեղծում:
 
Համապատասխան ընկերությունների հետ պայմանագրերով մասնագիտացում ստացածները աշխատանքով կապահովվեն: Մինչև հիմա կառավարությունը ֆինանսավորում էր կրթական գործընթացը, առաջարկվող ծրագրով նաև աշխատանքի հարցն է լուծվում:
 
Ծրագրի համար պետական բյուջեով նախատեսված 50 մլն. դրամը պլանավորում են վերադարձնել հարկերի տեսքով: Պատգամավորները հարցադրումներ ուղղեցին ծրագրի արդյունավետության, ծախսված գումարների վերադարձման ժամկետների ու մեխանիզմների, ռազմարադյունաբերության ոլորտում հնարավոր ներդրումների վերաբերյալ:

  • Կիսվել: