ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
ԱՀ ԱԺ նիստում քննարկվել է «Արցախի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագիծը

ԱՀ ԱԺ նիստում քննարկվել է «Արցախի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագիծը

Դեկտեմբերի 22-ին հրավիրվել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի 7-րդ գումարման 6-րդ նստաշրջանի հերթական նիստը: Այս մասին տեղեկացնում են Ազգային ժողովի մամուլի ծառայությունից:

Օրակարգի առաջին հարցը պարտադիր քննարկման ենթակա «Արցախի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկումն էր:
 
Ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Վահրամ Բաղդասարյանի տեղեկացմամբ՝ բյուջեի նախագծի վերաբերյալ նախնական քննարկումների արդյունքում միայն ԱԺ «ՀՅԴ» խմբակցության պատգամավոր Վահրամ Բալայանի կողմից է ներկայացվել 2 առաջարկություն:
 
Նախագիծը դրական եզրակացությամբ ամփոփվել էր ԱԺ ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի ու պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովների նիստերում։
 
Ըստ «ԱԺ կանոնակարգ» օրենքի՝ բյուջեի նախագծի վերաբերյալ քննարկումն ընդմիջվել է պատգամավորների՝ երկրորդ փուլ առաջարկությունները 24 ժամվա ընթացքում ներկայացնելու նպատակով։
 
Իսկ 2023թ․ պետական բյուջեի շուրջ քննարկումները շարունակվելու են դեկտեմբերի 29-ին։
 
2023 թվականի պետական բյուջեի նախագծի վերաբերյալ մտքերի փոխանակությամբ հանդես է եկել ԱԺ նախագահ Ա․ Թովմասյանը։ ԱԺ նախագահն առաջարկել է խորհրդարանի խմբակցություններին 2023թ.պետբյուջեի նախագծի վերաբերյալ առաջարկությունների շրջանակում ԱՀ կառավարությանը ներկայացնել գազի սակագնի սուբսիդավորման մասին առաջարկություն:
 
Հանրապետության ֆինանսատնտեսական գլխավոր փաստաթուղթը նախապես արժանացել էր գլխադասային հանձնաժողովի հավանությանը:
 
Օրակարգային հաջորդ հարցը վերաբերում էր «Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության շրջափակման հարցով միջազգային արձագանքների մասին» Ազգային ժողովի հայտարարության ընդունմանը:
 
Հայտարարության տեքստը ներկայացրել է պատգամավոր Արամայիս Աղաբեկյանը: Ազգային ժողովի հայտարարությունը ընդունվել է միաձայն:
 
Նիստն ամփոփվել է պատգամավորներ Մետաքսե Հակոբյանի, Արամայիս Աղաբեկյանի և Դավիթ Մելքումյանի հայտարարություններով:

  • Կիսվել: