ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
ԱՀ ԱԺ նախագահը 70-ամյակի առթիվ շնորհավորել է լրագրող, հրապարակախոս Միքայել Հաջյանին

ԱՀ ԱԺ նախագահը 70-ամյակի առթիվ շնորհավորել է լրագրող, հրապարակախոս Միքայել Հաջյանին

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը շնորհավորել է լրագրող, հրապարակախոս Միքայել Հաջյանին՝ 70-ամյա հոբելյանի առիթով։ Այս մասին տեղեկացրին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի բաժնից։

«Հարգելի΄ Միքայել Գրիգորիի

Ի սրտե շնորհավորում եմ Ձեզ՝ ծննդյան 70-ամյա հոբելյանի առիթով: Այդ տարիները Ձեր և մեր հարստությունն են, քանի որ Դուք, լինելով բարձրակարգ լրագրող, մեծ ներդրում եք ունեցել Արցախի լրագրողական համայնքի կայացման գործում: Երկար տարիներ ղեկավարել եք խորհրդարանի լրատվական ծառայությունը: Եղել եք ռադիոյի ադրբեջանական ծառայության հիմնադրման ակունքներում, որը և ղեկավարում եք այսօր»,- նշել է Արթուր Թովմասյանը:

Նա հավելել է, որ Արցախին պատուհասած պատերազմներն անդառնալի ու վշտալի սուրհանդակներ են ուղարկել հայ ընտանիքներ, և ցավով ընդգծել, որ այդ վշտին հաղորդակից է եղել նաև Միքայել Հաջյանի ընտանիքը, այն էլ՝ երկակի: «Սակայն, դեռևս կանգնած լինելով արցախյան ազգային-ազատագրական պայքարի ակունքներում և Արցախին վիճակված ճակատագրի կերտման ճանապարհին, դուք ամենայն տոկունությամբ և զսպվածությամբ շարունակում եք Ձեր ամենօրյա նվիրվածությամբ ապրել ու արարել հանուն Արցախի:

Թող Ձեր զավակների չապրած տարիները վայելեն Ձեր թոռները, որոնք, թերև , պապիկի միակ մխիթարանքն ու նեցուկն են»,- մաղթել է Արցախի ԱԺ նախագահը:

Նրա խոսքով՝ Միքայել Հաջյանին հաջողվել է ապրել ու արարել, լույսի ու հավատի կանթեղներ վառել և լրագրողի ստեղծագործ ու բեղուն գործունեությամբ, մարդկային լուսավոր կերպարով, ազգային վառ ու առաքինի նկարագրով հանրության համար դառնալ հարգելի ու ակնածանքի արժանի կերպար:

«Ապրե'ք երկար, ապրե'ք ստացածն աշխարհին վերադարձրած մարդու հոգեպարար ինքնազգացումով, որովհետև այն ինչ կերտել եք մարդու և աշխարհի հանդեպ տածած ազնիվ սիրով էր ու թող կրկնակին հատուցվի Ձեզ»,- եզրափակել է ԱՀ ԱԺ նախագահը լրագրող, հրապարակախոս Միքայել Հաջյանին հղված շնորհավորական նամակում։

 

  • Կիսվել: