երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանն ընդունել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի գլխավորած պատվիրակությանը

ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանն ընդունել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի գլխավորած պատվիրակությանը

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը փետրվարի 15-ին ընդունել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի գլխավորած պատվիրակությանը։ Այդ մասին հայտնում է Արցախի ԱԺ-ն։

 
 

Հանդիպմանը ներկա էին Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը, ԱԺ նախագահի գլխավոր խորհրդական Արպատ Ավանեսյանը։

Ողջունելով հյուրերին՝ խորհրդարանի ղեկավարը նախ շնորհավորել է Արցախյան ազգային- ազատագրական պայքարի՝ Ղարաբաղյան շարժման 34-րդ տարեդարձի առիթով։ Անդրադառնալով Արման Թաթոյանի իրավապաշտպան, անաչառ գործունեությանը՝  ԱԺ նախագահը բարձր է գնահատել պաշտպանի կողմից արվող վերլուծություններն ու հայտարարությունները, զեկույցներն  ու հրապարակումները։ ԱԺ նախագահը գոհունակություն է հայտնել Արման Թաթոյանին առանձնապես փաստահավաք գործունեության և միջազգային հարթակներում Արցախն ու Արցախի խնդիրները հավուր պատշաճի ներկայացնելու համար։

 

Արթուր Թովմասյանը ԱՀ և ՀՀ համանուն կառույցների փոխգործակցությունը լավագույնն է որակել այդ համատեքստում։

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել  նաև պատերազմական և հետպատերազմյան իրողություններին, անվտանգության խնդիրներին  ու սպառնալիքներին, Ադրբեջանի կողմից տարվող հայատյաց քաղաքականության նոր դրսևորումներին։

Արման Թաթոյանը շնորհակալություն է հայտնել  ջերմ ընդունելության և գնահատանքի համար։ Կարևորելով նման հանդիպումներն ու քննարկումները՝ ՀՀ  իրավապաշտպանն ընդգծել է հատկապես ՀՀ և ԱՀ նույն կառույցների համագործակցությունն ու համատեղ գործունեությունը։ Արման Թաթոյանը համոզմունք է հայտնել, որ, անկախ ունեցած կարգավիճակից, իր հետագա գործունեությունը ևս ուղղված կլինի իրավապաշտպանությանը։

Այնուհետև Արման Թաթոյանը հանդիպել է պատգամավորական կազմի հետ:

Ազգային ժողովի նախագահի տեղակալ Գագիկ Բաղունցը բարձր է գնահատել Հայաստանի ՄԻՊ գործունեությունը՝ ընդգծելով հանրային  վստահությունը Արման Թաթոյանի նկատմամբ:

Իր խոսքում Թաթոյանն անդրադարձել է փաստահավաք առաքելությանը՝ պատերազմական հանցագործությունները փաստագրելու գործում կարևորելով Արցախի իշխանությունների, մասնավորապես՝ խորհրդարանականների աջակցությունը:

Այնուհետև ներկայացրել է ՄԻՊ գրասենյակի գործունեությունը, ջանքերը՝ միջազգային ատյաններում Արցախի իրավունքների պաշտպանության հարցում:

«Պատերազմի ժամանակ միջազգային հանրության  պասիվությունը, կարծես թե, արժեզրկել է մարդու իրավունքների պաշտպանությունը, ինչը, սակայն, չպիտի վհատեցնի մեզ մեր ջանքերում»,-ասել է Հայաստանի ՄԻՊ-ը:

Պատասխանելով պատգամավորների հարցերին՝ Արման Թաթոյանն անդրադարձել է նաև Հայաստանում տիրող իրավիճակին, Ադրբեջանի սանձարձակ պահվածքին ու  անհրաժեշտ պատասխան գործողություններին:

  • Կիսվել: