ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
ԱՀ ԱԺ ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովը նիստ է հրավիրել

ԱՀ ԱԺ ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովը նիստ է հրավիրել

Մայիսի 16-ին Արթուր Հարությունյանի նախագահությամբ հրավիրվել է ԱՀ ԱԺ ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստը։

Ինչպես տեղեկացնում են ԱՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժնից, օրակարգում ««Հարկերի մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» և ««Ավելացված արժեքի հարկի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրինագծերի քննարկման հարցերն էին։
 
Ըստ պետեկամուտների կոմիտեի նախագահի ՝««Հարկերի մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի ներկայացումը պայմանավորված է հարկային պարտավորությունների հարկադիր գանձման ընթացակարգերի հստակեցման և օրենքի կիրառության ընթացքում առաջ եկած խնդիրների լուծման անհրաժեշտությամբ։
 
Օրինագծով առաջարկվում է չկատարված հարկային պարտավորությունների գանձման վարչական վարույթ հարուցել, եթե չկատարված հարկային պարտավորության չափը գերազանցում է 500 հազար դրամը կամ հարկային պարտավորության առաջացման օրվանից հետո անցել է երկու ամսից ավելի ժամկետ, բացառությամբ ստուգման կամ այլ ակտերով հարկային պարտավորություններ առաջադրված լինելու դեպքերի, որոնց մասով սահմանված ժամկետներում պարտավորությունները չկատարելու դեպքում այդ ակտերը անբողոքարկելի դառնալուց երեք ամսվա ընթացքում ներկայացվում են հարկադիր կատարման։
 
Մեկ այլ փոփոխությամբ առաջարկվում է հարկային պարտավորությունների աստիճանական մարման ժամանակացույցի տևողությունը սահմանել մինչև հինգ ամիս:
 
Դավիթ Պողոսյանի հավաստմամբ՝ ««Ավելացված արժեքի հարկի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի ներկայացումը պայմանավորված է հացի գնի բարձրացման զսպման անհրաժեշտությամբ:
 
Համաձայն նախագծով առաջարկվող փոփոխության՝ արտադրողի կողմից Արցախի Հանրապետությունում արտադրված հացի և լավաշի իրացումը կազատվի ԱԱՀ-ից՝ անկախ գյուղատնտեսական արտադրանք արտադրողից ձեռք բերված հումքի բազայի վրա արտադրված լինելու հանգամանքից:
 
Նախագծերը դրական եզրակացությամբ ներկայացվելու են առաջիկա ԱԺ հերթական նիստի քննարկմանը։

  • Կիսվել: