շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
ԱՀ ԱԺ երկու հանձնաժողովներ քննարկել են 2019թ. պետական բյուջեի կատարման հաշվետվությունը

ԱՀ ԱԺ երկու հանձնաժողովներ քննարկել են 2019թ. պետական բյուջեի կատարման հաշվետվությունը

Արցախի 2019թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը հունիսի 12-ին քննարկվել է ԱԺ արտադրության և արտադրական ենթակառուցվածքների հարցերի ու ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում:

Այս մասին հաղորդում են Արցախի Հանրապետության Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի բաժնից։
 
«Նիստը նախագահել են Վլադիմիր Կասյանը և Արթուր Հարությունյանը:
 
Ներկայացնելով Գյուղատնտեսության նախարարությանը  նախորդ տարվա բյուջեով հատկացված գումարը՝ նախարար Աշոտ Բախշիյանը նշել է, որ ծրագրերի և միջոցառումների համար տրամադրվել է շուրջ 5մլրդ 255մլն դրամ, այդ թվում՝ գյուղնախարարության աշխատակազմի պահպանման ծախսը 197մլն դրամ, սննդամթերքի անվտանգության աշխատակազմի պահպանման համար՝ 90մլն դրամ: Իրականացվել է 17 ծրագիր:
 
Քաղաքաշինության նախարար Արամ Սարգսյանը, ներկայացնելով քաղաքաշինության նախարարության 2019թ-ի գործունեության մասին հաշվետվությունը, փաստել է, որ կապիտալ ներդրումների պետական պատվերի սկզբնական ծավալը  նախատեսված էր 17մլրդ 911մլն 800հազ դրամ, որը դեկտեմբերի կեսին կազմել է 22մլրդ 710մլն 755հազ դրամ, կամ լրացուցիչ նախատեսվել է 4մլրդ 798մլն 955հազ դրամ: Նախարարի փոխանցմամբ՝ ընդհանուր առմամբ, 2019թ-ի պետական բյուջեի միջոցների հաշվին կապիտալ ներդրումների պատվերը կազմել է շուրջ 23,9 մլրդ  դրամ, որը կատարվել է ավելի քան 99%-ով:
 
էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարար Լևոն Գրիգորյանի փոխանցմամբ՝ նախարարության կողմից 2019թ-ին հաստատվել է 14 ծախսային ծրագիր՝ 3մլրդ 554մլն 231հազ դրամի չափով: Տարվա ընթացքում ճշտված պլանը կազմել է 4մլրդ 10մլն 231հազ դրամ, հաստատվել է մեկ եկամտային ծրագիր՝ 12,5մլն դրամի չափով, ինչպես նաև հաստատվել է շուրջ 180մլն դրամի չափով պետական տուրքի գանձման պլան:
 
Բնապահպանական կոմիտեի նախագահ Ֆելիքս Գաբրիելյանը, ներկայացնելով բնապահպանության ոլորտի նախորդ տարվա բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը, նշել է որ 2019թ-ին ոլորտին հատկացվել է 362մլն դրամ, որից փաստացի ծախսվել է 340մլն 964 հազ դրամ: Իրականացվել է 8 ծրագիր:
 
Տարածքային քաղաքականության իրագործման և տեղական ինքնակառավարման համակարգի գործունեության արդյունավետության բարձրացմանը 2019թ-ի պետական բյուջեից հատկացվել է 3մլրդ դրամ: Տարածքային կառավարման և զարգացման նախարար Ժիրայր Միրզոյանի հաղորդմամբ՝ կատարվել են ընթացիկ նորոգումներ, բարեկարգման և կոմունալ տնտեսության գծով Արցախի Հանրապետության շրջանների կարողության զարգացմանն ուղղված միջոցառումներ:
 
Օրվա երկրորդ կեսին շարունակվել է ԱԺ արտադրության և արտադրական ենթակառուցվածքների հարցերի ու ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստը:
 
Հանձնաժողովների քննարկմանն է ներկայացվել կադաստրի և պետական գույքի կառավարման կոմիտեի 2019թ-ի պետական բյուջեի կատարման հաշվետվությունը:
 
Կոմիտեի նախագահը նշել է, որ նախորդ տարի կադաստրի վարչության կողմից նախատեսվել էր 3 ծրագիր՝  առաջինը քարտեզագրության, գեոդեզիայի, հողաշինարարության և անշարժ գույքի գնահատման կենտրոն ՊՈԱԿ-ի կողմից, իսկ երկուսը՝ վարչության կողմից: «Համայնքների կադաստրային քարտեզների և հողային հաշվետվությունների կազմման, պետական և համայնքային սեփականություն հանդիսացող անշարժ գույքի չափագրման, ոռոգվող հողերի գույքագրման և անշարժ գույքի շուկայի վերլուծության ժողովածուների տպագրության համար 2019թ-ի պետական բյուջեով նախատեսվել է 68մլն դրամ»,-գեոդեզիայի ՊՈԱԿ-ի  կատարած աշխատանքների մասին ամփոփ տեղեկատվություն է ներկայացրել կոմիտեի նախագահ Կարեն Շահրամանյանը: Վերջինս, այնուհետև անդրադառնալով վարչության կողմից կատարված աշխատանքներին, հաղորդել է, որ նախատեսված գումարը՝  կազմել է 15,1մլն դրամ, կատարողականը՝ 4,2մլն դրամ:
 
ԱՀ տարածքի 1x10000 մասշտաբի տեղագրական քարտեզների թարմացման աշխատանքների համար, կոմիտեի նախագահի փոխանցմամբ, նախատեսվել է 200մլն դրամ, կատարողականը՝ 178,4մլն դրամ:
 
Անշարժ գույքի կադաստրի վարչության բաժինների կողմից մատուցվող ծառայություններից պետական տուրքը 2019թ-ին պլանավորվել է 180մլն դրամ, հավաքագրվել է 322,6մլն դրամ: Պլանը գերակատարվել է 79,2%-ով:
 
Անդրադառնալով Պետական գույքի կառավարման վարչության կողմից կատարված աշխատանքներին՝ Կարեն Շահրամանյանը նշել է, որ մարմիններին ամրացված և սեփականություն հանդիսացող գույքի հաշվեկշռային ընդհանուր արժեքը կազմել է 114մլրդ 232մլն 222հազ դրամ:
 
Հաջորդիվ հանձնաժողովները լսել են Հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի նախագահ Միքայել Վիրաբյանի ներկայացրած հաշվետվությունը:
 
Միքայել Վիրաբյանի փոխանցմամբ՝ հանձնաժողովի 2019թ-ի գործունեության արդյունքում պետական բյուջե է մուտքագրվել 826մլն 399հազ դրամ: Պետական տուրքերը կազմել են՝ 29մլն 740հազ դրամ, իսկ ռադիոհաճախականության օգտագործման պարտադիր վճարները՝ 596մլն786հազ դրամ: Հաստատված ծրագրային ցուցանիշները կատարվել են 100,5%:
 
Արցախի ներդրումային հիմնադրամի տնօրեն Քաջիկ Խաչատրյանի ներկայացմամբ՝ 2019թ-ին հիմնադրամին հատկացվելիք գումարը  ծրագրված էր 4 մլրդ դրամ, փաստացի կատարողականը կազմել է 2մլրդ 873մլն դրամ, ինչն ուղղվել է հիպոթեքային վարկերի հասանելիության, ՓՄՁ զարգացման և գյուղաբնակ քաղաքացիների փոխառությունների ծրագրերին:
 
Գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի տնօրեն Հրանտ Սաֆարյանի հաղորդմամբ՝ հիմնադրամին  հաշվետու տարում պետական բյուջեից հատկացվել է 1մլրդ 474մլն 740 հազար դրամ, կատարողականը` 100%»,- ասվում է հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: