շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
ԱՀ ԱԺ  արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը նիստ է հրավիրել

ԱՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը նիստ է հրավիրել

Դեկտեմբերի 9-ին՝ ժամը 11։00-ին, հրավիրվել է ԱՀ ԱԺ  արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստը։

Այս մասին տեղեկացրին ԱՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժնից։
 
Օրակարգում ««Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկման հարցն էր։
 
Նախագծի վերաբերյալ հիմնավորումը ներկայացրել է օրենքի նախագծի հեղինակ «Ազատ հայրենիք – ՔՄԴ» խմբակցության պատգամավոր Արամայիս Աղաբեկյանը։ Նախագծով առաջարկվում է Արցախի Հանրապետության ազգային փոքրամասնությունների լեզուներով հատուկ ծրագրերի և հաղորդումների հեռարձակման օրական մինչև 10 րոպե տևողությունը փոխարինել օրվա եթերաժամի մինչև 20 տոկոսով: Քանի որ ժամանակի ընթացքում երեքժամյա եթերաժամը աստիճանաբար դարձել է ութժամյա:
 
Նախագծի մեկ այլ փոփոխությամբ առաջարկվում է հեռուստառադիոընկերության խորհրդի անդամների թիվը երեքից դարձնել հինգ և նրանց լիազորությունների կատարումը սահմանել հասարակական հիմունքներով:
 
Նախագծի վերաբերյալ պատգամավորները հնչեցրել են առաջարկություններ և նպատակահարմար գտել, որ օրենքի որոշ հոդվածներ ևս ենթակա են փոփոխությունների։
 
Օրենքի նախագիծը 1 կողմ, 1 դեմ և 1 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ արժանացել է հանձնաժողովի բացասական եզրակացությանը։ Այն ընդգրկվելու է առաջիկա ԱԺ հերթական նիստի օրակարգում։
 
Նիստին ներկա էին ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հ․ Խանումյանը , ԱԺ նախագահի տեղակալ Գ․ Բաղունցը, պատգամավորներ։

  • Կիսվել: