Աղաբեկալանջ համայնքն ապահովվել է խմելու ջրով
Մարտակերտի շրջանի Աղաբեկալանջ համայնքում ասֆալտապատվել է գյուղամիջյան ճանապարհը, լուծվել խմելու ջրի խնդիրը:
Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրել է Աղաբեկալանջի համայնքապետ Հովիկ Սայիյանը:
«Համայնքի բնակիչները հիմնականում զբաղվում են անասնապահությամբ և հողագործությամբ: Գյուղում առավել զարգացած է խոզաբուծությունը, կան նաև խոշոր եղջերավորների անասնապահությամբ և ոչխարաբուծությամբ զբաղվողներ»,-ասել է համայնքապետը՝ հավելելով, որ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից գյուղի 19 ընտանիքի ֆինանսական աջակցություն է ցուցաբերվել խոզեր, խոշոր եղջերավոր անասուններ և հավեր ձեռքբերելու համար:
Նրա խոսքով՝ Աղաբեկալանջում պատերազմից հետո 6 տեղահանված ընտանիք է հաստատվել և ապահովվել տնով:
Հրետակոծության հետևանքով գյուղում վնասված երկու տուն վերանորոգվել է, մեկի շինաշխատանքներն ընթացքում են: Անդրադառնալով գյուղի խնդիրներին, Հովիկ Սայիյանը նշել է, որ բացակայում է բուժկետը, ինչի պատճառով հիվանդներին պետք է հասցնեն շրջկենտրոն: Վերանորոգման կարիք ունի համայնքապետարանի շենքը: