«Աֆեյան» հիմնադրամը ֆինանսական աջակցություն է տրամադրել Արցախից տեղահանված ընտանիքներին
«Աֆեյան» հիմնադրամը ֆինանսական աջակցություն է տրամադրել Արցախից տեղահանված ընտանիքներին:
Հիմնադրամի տարածած հաղորդագրության մեջ ասվում է. «Ավելի լավ աշխարհ կառուցելու նպատակով լուծումներ ձևավորելու և դրանք առաջ մղելու առաքելությամբ գործող «Աֆեյան» հիմնադրամն այսօր հայտարարեց Արցախից ավելի քան 100,000 տեղահանված անձանց աջակցելու համար նախկինում հայտարարված 2 միլիոն ԱՄՆ դոլարի տեղաբաշխման ավարտի մասին: Այս ծրագիրը Լեռնային Ղարաբաղի բռնի տեղահանված բնակչությանն աջակցելուն ուղղված Աֆեյանների ընտանիքի նախորդ նախաձեռնությունների շարունակությունն է։
«Արցախի ժողովուրդը տարիներ շարունակ ենթարկվել է դաժան և աներևակայելի ճնշումների, և էթնիկ զտման հետևանքով իրենց տներից բռնի վտարվելուց հետո այժմ կանգնած է իր համար նոր միջավայրում կյանքը վերսկսելու իրողության առջև»,- ասում են «Աֆեյան» հիմնադրամի հոգաբարձուներ Նուբար և Աննա Աֆեյանները. «Արցախի ժողովուրդն ունի հանրային և մասնավոր հատվածների լայնածավալ աջակցության կարիքը, որպեսզի ստանա փրկությունից վերածնունդ, այնուհետև՝ դեպի բարգավաճում ճանապարհն անցնելու համար անհրաժեշտ ռեսուրսներն ու օգնությունը»:
Աֆեյանները նշել են. «Մենք ոգեշնչված ենք կազմակերպությունների և անհատների ստվար խմբի ջանքերով, որոնք անդադրում աշխատում են Արցախի ժողովրդին օգնության ձեռք մեկնելու ուղղությամբ: Մենք նաև ուրախ ենք ունենալ մեր համեստ ներդրումն այս իրավիճակից տուժած մարդկանց օգնության ձեռք մեկնելու և ընդհանուր առմամբ Հայաստանին օգտակար լինելու գործում»:
Վերջերս «Աֆեյան» հիմնադրամը դրամաշնորհ է հատկացրել ՅՈՒՆԻՍԵՖ-ի ԱՄՆ գրասենյակին՝ Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ծրագրերի իրականացման համար: Դրանք կկենտրոնանան առավել խոցելի խմբի՝ երեխաների և դեռահասների հետ աշխատանքների վրա: Ծրագիրը գործելու է 18 ամիս և ուղղված է լինելու հոգեկան առողջության և հոգեսոցիալական ծառայությունների հասանելիության ապահովմանը, ինչպես նաև սոցիալական ներառման հնարավորությունների բարելավմանը հատկապես այն տարածքներում, որտեղ նման ծառայությունների հասանելիությունը սահմանափակ է: Ծրագրի նպատակն է օգնել դեռահասներին և նրանց խնամակալներին՝ տրամադրելով համակարգային աջակցություն, ինչն անհրաժեշտ է տրավմայի և սթրեսի դեմ պայքարելու, հասարակության մեջ թիրախավորումները նվազեցնելու և հյուրընկալող համայնքներում հոգեկան բարեկեցությունն ու սոցիալական համախմբվածությունը խթանելու համար:
Բացի այդ, մի շարք ոլորտներում, այդ թվում՝ հիմնական կարիքների բավարարման, բժշկական և հոգեսոցիալական օգնության տրամադրման և ավելի երկարաժամկետ կրթական հնարավորությունների ստեղծման նպատակով «Աֆեյան» հիմնադրամը ֆինանսավորել ու աջակցել է ստորև նշված հայկական կազմակերպություններին և ծրագրերին.