ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Ադրբեջանը պատրաստ չէ արժանապատիվ, հավասար պայմաններով խաղաղության. Բեգլարյան

Ադրբեջանը պատրաստ չէ արժանապատիվ, հավասար պայմաններով խաղաղության. Բեգլարյան

Արցախի բոլոր քաղաքացիներն իրենց երկրի ապագայի վերաբերյալ ունեն հստակ կարմիր գծեր ու նպատակներ, որոնք պետք է ձևավորեն համազգային օրակարգ։

 Sputnik Արմենիայի հետ զրույցում նման տեսակետ է հայտնել Արցախի Հանրապետության պետնախարար Արտակ Բեգլարյանը` անդրադառնալով ՀՀ իշխանություններին ուղղված Արցախի ԱԺ-ի հայտարարություններին։
 
Նա նշել է, որ ԱԺ-ն ՀՀ իշխանություններին ներկայացրել է կոնկրետ դիրքորոշում, ինչը պետք է հաշվի առնել միջազգային գործընկերների հետ շփումների ու հնարավոր բանակցությունների ժամանակ։
 
«Այդ հայտարարություններից հետո միջազգային գործընկերների հետ շփումներում առնվազն հղում է արվել Արցախի դիրքորոշմանը։ Նաև ՀՀ ղեկավարության հրապարակային հայտարարություններն արցախահայության կարծիքը մշտապես հաշվի առնելու վերաբերյալ վկայում են, որ Արցախի ԱԺ–ի ու ԱՀ նախագահի հայտարարությունները հաշվի են առնվում և արդեն ձևավորվում է Արցախի ու Հայաստանի ղեկավարների կողմից հարցերը քննարկելու, դիրքորոշումները ընդհանուր ջանքերով ներդաշնակեցնելու ավանդույթ, որպեսզի հնարավոր լինի հանդես գալ մեկ միասնական ռազմավարությամբ»,– ասաց Արցախի Հանրապետության պետնախարարը։
 
Իսկ անդրադառնալով ՀՀ ղեկավարության կողմից խաղաղության դարաշրջան բացելու վերաբերյալ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարություններին` Բեգլարյանն ընդգծեց, որ Ադրբեջանը պատրաստ չէ արժանապատիվ, հավասար պայմաններով խաղաղության Հայաստանի և ընդհանրապես հայ ժողովրդի հետ։
 
«Նույնիսկ մի կողմ դնելով Արցախի կարգավիճակի հարցը, ինչը մեզ համար ունի կենսական նշանակություն, նույնիսկ այդ պարագայում հարցը քննարկելով Ադրբեջան-Հայաստան հարաբերությունների համատեքստում` ակնհայտ է դառնում, որ Ադրբեջանն ընտրել է ագրեսիվ ռազմավարություն, ինչի մասին Ալիևն անընդհատ հայտարարում է։ Ադրբեջանական կողմը ոչ միայն սպառնալիքներ է տեղում և ռազմական սադրանքներ իրականացնում, այլև շարունակաբար իր հասարակությանը պատրաստում է հնարավոր այլ պատերազմների, հետևաբար այս պայմաններում բավականին լուրջ կերպով վտանգված են կայունությունն ու խաղաղությունը մեր ամբողջ տարածաշրջանում»,– պարզաբանեց Բեգլարյանը։
 
Նրա խոսքով` Արցախի հանդեպ պաշտոնական Բաքվի կողմից նույնպես շարունակվում է ատելության քարոզը, ինչպես նաև շարունակվում են Արցախը բոլոր հնարավոր միջոցներով հայաթափելու ջանքերը, ուստի այս ամենից պետք է արվեն ճիշտ հետևություններ, որպեսզի չտրվենք լրացուցիչ ճնշումներին կամ կարճաժամկետ խաբկանքներին ու գայթակղություններին` նույնիսկ հաշվի առնելով հայ ժողովրդի ներկայիս խոցելի վիճակը։

  • Կիսվել: