հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Ադրբեջանը փաստաթուղթ է հրապարակել ԼՂ հակամարտության կարգավորման վերաբերյալ

Ադրբեջանը փաստաթուղթ է հրապարակել ԼՂ հակամարտության կարգավորման վերաբերյալ

Ադրբեջանը հայտնել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ իր դիրքորոշումը. այն ներկայացվել է ԵԱՀԿ նախարարների խորհրդի անդամներին: Այս մասին տեղեկացնում է ադրբեջանական minval.az լրատվակայքը:

Փաստաթղթում ասվում է, որ Ադրբեջանը նախկինի պես հակված է «քաղաքական ճանապարհով հակամարտության լուծմանը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում»:

Նշվում է նաև, որ «հակամարտության կարգավորումը հնարավոր է միայն միջազգային իրավունքի նորմերի ու սկզբունքների հիման վրա՝ հարգելով Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը»:

Ադրբեջանական կողմը նշում է, որ հավատարիմ է հակամարտության լուծման փուլային մոտեցմանը, որը հիմնված է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերի և ԵԱՀԿ որոշումների, մասնավորապես, 1994 թ. Բուդապեշտի գագաթնաժողովի որոշման վրա:

Փաստաթղթում նշվում է, որ առաջին քայլը պետք է լինի հայկական զինված ուժերի ամբողջական  դուրսբերումը Լեռնային Ղարաբաղից և «Ադրբեջանի գրավյալ այլ տարածքներից», ինչին պետք է հաջորդի «բռնի տեղահանված Ադրբեջանի բնակչության վերադարձը՝ նրանց անվտանգության ապահովմամբ և տարածաշրջանային հաղորդակցման ուղիների բացումամբ»:

Հաջորդ փուլը, ըստ փաստաթղթի, պետք է լինի Լեռնային Ղարաբաղի «տարածաշրջանի» կարգավիճակի որոշումը՝ Ադրբեջանի Սահմանադրության և օրենսդրության համաձայն և նրա սահմաններում:Կարգավիճակի որոշումը, նշվում է փաստաթղթում, պետք է տեղի ունենա խաղաղ պայմաններում, իրավական գործընթացի շրջանակներում, Լեռնային Ղարաբաղի «շրջանի» բնակչության, մասնավորապես՝ հայկական և ադրբեջանական համայնքների անմիջական, լիարժեք և հավասար մասնակցությամբ, Ադրբեջանի կառավարության հետ նրանց փոխգործակցությամբ:

«Նման կարգավիճակը պետք է ապահովի տարածաշրջանի հայ և ադրբեջանական համայնքների խաղաղ գոյությունը, երաշխավորի մարդու իրավունքների և ազատությունների լիարժեք իրացումը հավասար և ոչ խտրական հիմունքներով»,- նշվում է փաստաթղթում:

Փաստաթղթի եզրափակիչ մասում նաև ասվում է, որ Ադրբեջանը վերը նշված շրջանակից դուրս հակամարտության քաղաքական լուծում չի տեսնում:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: