ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Ադրբեջանում հայատյացությունը առ այսօր մնում է պետական գաղափարախոսություն. Արտակ Բեգլարյան

Ադրբեջանում հայատյացությունը առ այսօր մնում է պետական գաղափարախոսություն. Արտակ Բեգլարյան

Պաշտոնական Բաքուն, ցավոք, շարունակում է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքները ոտնահարելու և ռազմատենչ ու հայատյաց հռետորաբանության քաղաքականությունը։

Այս մասին «Ռեգնում» ռուսական լրատվական գործակալությանը տված հարցազրույցում ընդգծել է ԱՀ պետական նախարար Արտակ Բեգլարյանը:

«Ի թիվս բազմաթիվ այլ միջադեպերի, կուզեի ուշադրություն հրավիրել օրեր առաջ Արցախի քաղաքացիական բնակչին սպանելու դեպքի վրա: Երբ ռուս խաղաղապահների ուղեկցությամբ մեր բնակիչը տրակտորով հողամշակման աշխատանք էր կատարում շփման գծին մոտ տարածքում, ադրբեջանական դիպուկահարը նրան սպանեց հենց դաշտի մեջ:

Դրան զուգահեռ՝ համակարգված կերպով շարունակվում են հայկական հոգևոր-մշակութային ժառանգության ոչնչացման ու վանդալիզմի դեպքերը Արցախի օկուպացված տարածքներում: Ադրբեջանական կողմը քանդում է ոչ միայն հայկական եկեղեցիները, խաչքարերն ու գերեզմանները, այլ նաև՝ Հայրենական պատերազմի զոհերի հիշատակին նվիրված հուշարձաններն ու ԽՍՀՄ հայազգի հերոսների արձանները, ինչը հանցավոր վարք է նաև ռուս ժողովրդի հանդեպ»,- ասել է Բեգլարյանը:

Պետնախարարի խոսքով՝ ուշագրավ է, որ վերջին օրերին ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում ընթանում էր Ադրբեջանի դեմ Հայաստանի հայցի քննարկումը՝ Ռասայական խտրականության բոլոր ձևերի բացառման միջազգային կոնվենցիայի խախտումների հիմքով, որի փաստական հիմքերը բազում են՝ տխրահռչակ «ռազմավարի պուրակից» մինչև ռազմագերիների խոշտանգումներ ու տարբեր պաշտոնական հայտարարություններ: Այդ և այլ միջազգային ճնշման ներքո վերջին շրջանում նկատվում է որոշակի զգուշավորություն ադրբեջանական իշխանությունների հրապարակային խոսքում, սակայն դա ակնհայտորեն չի արտացոլում նրանց իրական մտադրություններն ու նկրտումները:

«Ադրբեջանում հայատյացությունը առ այսօր մնում է պետական գաղափարախոսություն, և մենք այդ առումով որևէ փոփոխություն չենք տեսնում»,- նշել է պետնախարարը:

  • Կիսվել: